ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-մեքսիկական բարեկամության խորացմանը:
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական կապերի խորացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքը:
Արա Բաբլոյանը ողջունել է Մեքսիկայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
«Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մեր միակ զենքը ժողովրդավարությունն է. նման հարցերը պետք չէ լուծել զենքով»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա անդրադարձել է վերջերս մեքսիկացի խորհրդարանականների Հայաստան և Արցախ կատարած այցելությաններին՝ կարևորելով փոխադարձ այցերի նշանակությունը:
Դեսպանն իր հերթին կարևորել է Մեքսիկայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների խորացումը՝ դրանում արժևորելով միջխորհրդարանական կապերի դերը:
«Խորհրդարանական դիվանագիտությունն ավանդական դիվանագիտության կարևորագույն բաղադրիչներից է, և մենք բարձր ենք գնահատում մեքսիկացի և հայ խորհրդարանականների փոխայցելությունները»,- նշել է Նորմա Պենսադո Մորենոն: