Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտություններից մեկում ներկայացված է կոռուպցիայի պարզ սահմանումներից մեկը` «պաշտոնի չարաշահում անձնական օգուտ ստանալու նպատակով»: Ընդ որում, կոռուպցիան լինում է` «ըստ կանոնների» (երբ պաշտոնյան անձնական օգուտ է ստանում օրենքով սահմանված իր պարտականությունները կատարելու համար) և «ընդդեմ կանոնների» (երբ պաշտոնյան անձնական օգուտ է ստանում այնպիսի ծառայության կամ գործողության համար, որը իրավունք չունի տրամադրելու կամ կատարելու): Մի փոքր-ինչ այլ ձևակերպմամբ՝ կոռուպցիան դա «վստահված իշխանության չարաշահում` անձնական շահ ստանալու նպատակով»:

 

Կոռուպցիան շեղվող վարքի տարատեսակ է՝ ուղղված անձնական նպատակների իրագործմանը՝ ի վնաս պետական շահերի: Նաև՝ սոցիումի անդամների դերային գործառույթների խախտումն է՝ մասնավոր շահերի անմիջական ազդեցությամբ: Մեկ այլ մեկնաբանմամբ, կոռուպցիան յուրահատուկ սոցիալական պրակտիկա է՝ հիմնված յուրահատուկ մշակույթի (ենթամշակույթի) վրա, որն ունի իր յուրահատուկ լեզուն, խորհրդանշանների համակարգը, էթիկան ու փիլիսոփայությունը:

 

Առավել տարածված տեսակետի համաձայն, կոռուպցիան լատիներեն corruptio բառից է ծագում, ինչը նշանակում է փչացում, քայքայում, այլասերում: «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003թ. որոշման համաձայն. «Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է: Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները»:

 

Կոռուպցիայի սահմանումների թվարկումը կարելի է շարունակել, սակայն վերը բերվածն էլ բավարար է՝ այս հետազոտության շրջանակներում հասկացությունը որոշակի բովանդակությամբ կիրառելու համար: Որքան էլ կոռուպցիայի սահմանումները նեղ կամ լայն լինեն, դրանցում առանցքային նշանակություն ունեն՝ 1. դիրքի չարաշահման և 2. անձնական օգուտի ստացման տարրերը: Ընդ որում, դիրքը կարող է լինել ինչպես ֆորմալ ամրագրված՝ պաշտոն, այնպես էլ՝ ոչ ֆորմալ՝ բարոյական հեղինակությամբ կամ դերային սպասումներով արտահայտվող:

 

Յուրաքանչյուր համադրություն կոռուպցիոն գործողության որոշակի դրսևորում է ենթադրում: Հետևաբար, կոռուպցիոն վարքը բավական բարդ ու անկանխատեսելի կառուցվածք է: Անկանխատեսելիությունը բխում է հնարավոր չարաշահման և հնարավոր օգուտի մասին մեր պատկերացումների սահմանափակությունից: Կոռուպցիոն վարքն առավել կանխատեսելի է այն բնագավառներում, որտեղ դիրքի չարաշահման հնարավոր ձևերի և ակնկալվող օգուտի վերաբերյալ մեր գիտելիքը բավարար է: Սովորաբար, մինչ այժմ այդ գիտելիքը ձևավորվել է մարդկային փորձի հիման վրա, իսկ կանխատեսումը մեծ հաջողություն չի ունեցել:

 

Չկա վերացական կոռուպցիա: Կան կոնկրետ կոռուպցիոն գործողություններ, որոնք կատարվում են որոշակի անձանց կողմից որոշակի իրավիճակներում՝ կոնկրետ օգուտներ ստանալու ակնկալիքով: Արտաքին հատկանիշներով համանման գործողությունը՝ իրականացվող այլ անձի կողմից, այլ իրավիճակում, կարող է ամենևին կոռուպցիոն բնույթ չկրել: Գործողության կոռուպցիոն բնույթը բացահայտելու համար հարկավոր է հասկանալ այն կատարող անձի մոտիվացիան, նրա վարքին ներկայացվող մշակութային և ինստիտուցիոնալ պահանջները, մյուս ակտորների նպատակները, միջավայրային այլ առանձնահատկությունները Հարկավոր է հասկանալ գործողության խորքային պատճառները. արդյոք այն սովորական մարդկային թափթփվածության, անպատասխանատվության ու իռացիոնալության հետևանք է, թե՝ միտումնավոր գործելակերպ՝ անձնական շահի բավարարմանը միտված: Անպատասխանատու և իռացիոնալ վարքը կարող է պայմանավորված լինել ինստիտուցիոնալ մշակույթով, սովորույթներով ու նորմերով:

 

Կոռուպցիոն գործողությունը կարող է հասկացվել միայն կոնկրետ մշակույթի համակարգում: Միևնույն խորհրդանիշը մի նշանային համակարգում (լեզվում) ունի մեկ նշանակություն, մյուս նշանային համակարգում՝ միանգամայն այլ նշանակություն: Նույն սկզբունքն է գործում կոռուպցիոն գործողության պարագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել