
Ասում են՝ Մարգրետ Թետչերի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիա մեկնող ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը դեռ ինքնաթիռում սկսել է լաց լինել` սգալով Թետչերի մահը:
Մինչդեռ Աջափնյակ համայնքի Գ. Չաուշի 14/3 շենքի խաբված բնակիչները լալիս են արդեն մի քանի տարի, որոնց չի հաջողվում դատարան բերել Նաղդալյանի ամուսնուն, որը 300 հազար դոլարով դարձել է 14 բնակարանի տեր, իսկ բնակիչները մնացել են փողոցում:
Անտեր մնա, մարդ պետք է բախտ ունենա էլի` անգամ երբ լաց լինելու առիթ է ստեղծվում:
Հատկապես այդ ժամանակ պետք է էնքան բախտավոր լինես, որ տիկին Նաղդալյանի պես փափուկ տեղավորվես ինքնաթիռում եւ սկսես հուզվել... Թետչերի մահվան առիթով (ի դեպ, «երկաթյա լեդին» ընդամենը մեկ բնակարան ուներ):
Ոչ թե 5 տարին մեկ փողոցում բռնացնես Տարոնին ու սկսես դարդերդ պատմել, թե գիտեք, պարոն քաղաքապետ, այս ըսենց օյին են բերել մեր գլխին...
Մի խոսքով, կա ապահով լաց, եւ կա թշվառ, անտերի լաց:
Էս վերջինը չլսելու համար իշխանությունը պինդ խցանել է ականջները: