Նախօրեին հայ հասարակությունը բավականին հանգամանալից լսեց ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին, ով մանրակրկիտ և իրեն բնորոշ հանգստությամբ հեռուստաընկերություններից մեկի եթերում պատասխանեց բոլոր դիտարկումներին:
Արմեն Սարգսյանն անդրադարձավ իր անձի հետ կապված երկու թեմաների, որոնք այս օրերին ակտիվորեն շրջանառվում են ԶԼՄ-ներում, սոցցանցերում և նույնիսկ քաղաքական կուլիսներում: Նա բավականին համոզիչ հերքեց ասեկոսեները, թե իբրև 1997-ին վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել Վազգեն Սարգսյանի հետ ունեցած հակասությունների հետևանքով. նա մի քանի դրվագ հիշեց անցյալից, որոնք նույնիսկ վկայում են իր և Վազգենի ջերմ հարաբերությունների մասին՝ ըստ էության, հաստատելով բոլոր այն փաստերը, որոնց մասին վերջին օրերին խոսել էին սպարապետի երկու եղբայրները:
Սարգսյանը հերքեց իր կապը նաև Ամուլսարի հետ, թեև այստեղ, անկասկած, մնացին հարցեր, որովհետև եթե դեսպանը ֆորմալ մասնակցություն չունի «Լիդիան Արմենիա» ընկերությանը, դա դեռ չի նշանակում, թե նա շահագրգիռ կողմ չէ Ամուլսարում, մանավանդ որ Սարգսյանը, ըստ էության, չի հերքում, որ ինքը խորհրդատվական մակարդակում մասնակցել է ծրագրին: Ըստ իս` սա լրագրողի կողմից Սարգսյանին տրված անցանկալի հարցերից մեկն էր, անընդհատ իր խոսքում դեսպան Սարգսյանը ասես փորձում էր մի տեսակ արդարանալ:
Սակայն երեկվա հարցազրույցի ամենաէական հանգամանքը Ա.Սարգսյանի արժեքային համակարգի թեկուզև անուղղակի ներկայացումն էր: Մենք գործ ունենք արևմտյան միջավայրում կայացած գործչի հետ, ով իր օրինակով հրապարակավ խոսում է անհատական հաջողության բանաձևի մասին՝ շեշտը դնելով աշխատասիրության, մտավոր ներուժի և նպատակասլացության վրա:
Սարգսյանն իր խոսքում պարզաբանեց, որ 2011-ից սկսած իր համար հնարավոր տարբերակ է եղել ակտիվ քաղաքականություն վերադառնալու գաղափարը, և սա խոսում է այն մասին, որ օրեր առաջ նախագահի կողմից արված առաջարկն, այնուամենայնիվ, իր համար այդքան էլ մեծ անակնկալ չէր, այլ՝ անգամ սպասելի:
Ա. Սարգսյանի, այսպես կոչված, «ֆենոմենի» գաղտնիքը կայանում է նրանում, որ և այն ժամանակ, երբ նրան 1996-ին Տեր-Պետրոսյանն առաջարկեց դառնալ ՀՀ վարչապետ, և հիմա, երբ նրա թեկնածության հարցն է քննարկվում որպես ՀՀ 4-րդ նախագահ, երկիրը գտնվում է մի տեսակ պատային իրավիճակում:
Նրա խոսքից հայտնի դարձավ, որ ժամանակին HSBC բանկը բացվել է իր անմիջական միջնորդությամբ, որը կովկասյան տարածաշրջանում առաջինը բացվել է ՀՀ-ում, իսկ արդեն 90-ականների սկզբին Coca-Cola ընկերությունը Սարգսյանի հորդորով է արտադրություն հիմնել մեզ մոտ:
Ընդհանուր առմամբ նախագահի թեկնածուի զրույցը տպավորիչ էր. ակնհայտ է, որ Սարգսյանը գլոբալ մտածող է, կրթված, տիրապետում է դիվանագիտական հմտություններին, ճանաչում է բիզնես աշխարհը, ունի կապեր:
Հետաքրքրական այն էր, որ Սարգսյանը երեկ նրբանկատորեն հասկացրեց, թե ամենևին էլ մտադիր չէ սահմանափակվել «անգլիական թագուհու» կարգավիճակով և նախագահ ընտրվելու պարագայում ակտիվ կերպով լծվելու է պետական գործունեությանը. նրա խոսքից պարզ դարձավ, որ անմասն չեն մնալու նաև ներդրումների հարցում նրա մասնակցությունից` որպես ՀՀ տնտեսության վերակենդանացման կարևորագույն հանգամանք: Սարգսյանի այն դիտարկումը, թե նախագահի պաշտոնը շատ ավելի ուժեղ է, ավելի լիազորված, քան խորհրդարանական մոդելով եվրոպական մի շարք պետություններում, վկայում է ասվածի մասին: Նա հանգամանալից խոսեց իր հնարավոր առաքելության բովանդակության մասին՝ հասկացնելով, որ ցանկացած պաշտոն, կարգավիճակ կարող են արժևորվել կամ արժեզրկվել մարդու գործունեության արդյունքում:
Այնպես որ, քաղաքական առաջիկա սպասվող վերադասավորումներից հետո մեզ բավականին հետաքրքիր քաղաքական արենա է սպասվում: