Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի Սոչի քաղաքում երեքշաբթի օրը սկսվեց Սիրիայի քաղաքացիական յոթնամյա պատերազմն ավարտելուն նվիրված վեհաժողով, չնայած այն բոյկոտի ենթարկեցին Սիրիայի գլխավոր ընդդիմությունը եւ քրդերը. հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Սիրիայի քրդական ինքնավար շրջանի իշխանությունները մի քանի օր առաջ էին հայտարարել, որ բոյկոտելու էին վեհաժողովը՝ պատճառաբանելով Աֆրինում թուրքական բանակի կողմից իրենց դեմ իրականացվող ռազմական գործողությունները։ Չէ որ Թուրքիան, որը Սիրիայի նախագահ Ասադի կառավարությունը տապալելու հարցում աջակցում է Սիրիայի ապստամբներին, համարվում է այս վեհաժողովի համահովանավոր։ Հովանավորների շարքում է նաեւ Ասադին աջակից Իրանը։
Ապստամբ ուժերի ներակայացուցիչները, որոնք Սոչի էին ժամանել Թուրքիայից, հրաժարվեցին դուրս գալ քաղաքի օդանավակայանից, երբ այնտեղ տեսան միայն Սիրիայի դրոշներ։ 12 ժամ տեւած բանակցություններից հետո ապստամբ ուժերը ներկայացնող 8Օ պատվիրակները լքեցին Սոչին։
Սիրիայի իշխանություններին աջակից Մոսկվան վեհաժողովին մասնակցելու հրավեր էր ներկայացրել 1 6ՕՕ պատվիրակների։ Հանդիպման նպատակը քաղաքացիական պատերազմից հետո քաղաքական լուծումներ գտնելն է։
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել էր, որ դիտորդներ չի ուղարկելու Սոչի՝ պնդելով Սիրիայի խնդիրը լուծելու գործում ՄԱԿ-ի կարեւորությունը։ Նույն բացատրությամբ բացակայում էին նաեւ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան։
Սակայն բացման խոսքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ընթերցելով նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, կոչ արեց ՄԱԿ-ին կենտրոնական դեր խաղալ քաղաքական կարգավորման գործում՝ այսպիսով փորձելով փարատել Արեւմուտքի այն մտավախությունը, որ Մոսկվան ուզում է ստվեր նետել ՄԱԿ-ի կողմից հովանավորվող բանակցությունների վրա։
Միայն վերջին պահին պարզ դարձավ, որ վեհաժողովին մասնակցելու է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրան, որն ավելի վաղ ասել էր, թե գլխավոր հարցը Սիրիայի սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելն է, թույլ տալու համար այս երկրի քաղաքացիներին ՄԱԿ-ի կողմից վերահսկվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքում ազատ կերպով որոշել իրենց ապագան։
Սիրիայի քաղաքացիական պատերազմին մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան 34Օ հազար մարդ, իրենց տներից հեռացել են միլիոնավոր մարդիկ։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/siriayi-harcov-sochii-vehazhoghovn%D5%9D-aranc-hraviryalneric-shateri/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել