Հայաստանի քաղաքական դաշտի վերադասավորումները թևակոխում են վճռական փուլ։ Մինչև ապրիլ շատ քիչ ժամանակ է մնացել, և ըստ նոր պառլամենտական համակարգի՝ Հայաստանը պետք է ունենա նոր նախագահ ու նոր վարչապետ։ Ինչպես գիտենք, նոր համակարգով ընդլայնվում են ԱԺ-ի ու իշխող կուսակցության կողմից ընտրված վարչապետի լիազորությունները, փոխարենը ավելի շատ արարողակարգային բնույթ է կրելու ՀՀ նախագահի ինստիտուտը։ Քաղաքական փոփոխությունների սկիզբն իրականում դրվել է դեռևս 2016 թվականի հայտնի հուլիսյան դեպքերից հետո, երբ փոխվեց Հայաստանի վարչապետը։ Կարեն Կարապետյանի գալով Սերժ Սարգսյանն, ինչպես ասում են, մեկ քայլ առաջ արեց՝ վերադասավորումը կազմակերպելով միանգամից թե՛ ներքին ու թե՛ արտաքին լսարանների համար։
Հաշվի առնելով Կարեն Կարապետյանի «էֆեկտը», ընտրությունների ընթացքում նրա ազդեցությունը՝ (փաստացի, նա իր իմիջի հաշվին միայնակ հաղթանակ ապահովեց իշխող ուժի համար)՝ Արմեն Սարգսյանին արդեն հակառակ՝ արևմտյան բևեռի հետ հարաբերությունների խորացման համար նախագահի թեկնածու առաջադրելով նախագահը փորձում է բալանս պահել քաղաքական դաշտում։ Սակայն կա մի նրբություն․ այսօր՝ շուրջ երկու տարվա աշխատանքներից հետո, կարող ենք փաստել, որ Կարեն Կարապետյանի ստարտը «ֆալշ» էր, որովհետև, բացի գեղեցիկ խոսքերից, այսօր վարչապետի գործելաոճում գրեթե փոփոխություն չի եղել։ Միլիարդավոր ներդրումների մասին խոսակցությունները մնացին այդպես էլ օդում կախված, սոցիալական տարբեր խմբերի կողմից գնալով ավելանում են բողոքները՝ ուղղված կառավարությանը։
Արմեն Սարգսյանն, իհարկե, այն դերակարտարությունը չի ունենալու, ինչ վարչապետը, սակայն քաղաքացիներն արդեն իսկ ունեն կանխակալ մոտեցում այս նշանակման վերաբերյալ, որովհետև ակամայից հիշում են Կարապետյանի մեկնարկն ու ներկայիս իրադրությունը։ Իհարկե, բնույթով Արմեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը տարբեր գործիչներ են թեկուզ լրագրողների հետ շփման, քաղաքական լեքսիկոնի նախասիրության առումով։ Կարապետյանը շեշտը դնում է իմիջի, Սարգսյանը՝ թափանցիկության վրա։ Իսկ ասել, որ այս երկու դեպքում էլ որևէ դրական տեղաշարժ է տեղի ունենում դաշտում, միանշանակ սխալ է։