Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը տվել է իր առաջին հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը, որտեղ մանրամասն խոսել է իր՝ Հայաստանի մասին պատկերացումների, իր անձի վերաբերյալ խոսակցություններին, պաշտոնավարման տարիների ու հետաքրքրությունների մասին։ Դիվանագետին ոչ հատուկ անմիջականությամբ Սարգսյանը փորձում էր պատասխանել բոլոր հարցերին ու մտահոգություններին, որոնք ունի հանրությունը կամ քաղաքական շրջանակներն այդ մարդու վերաբերյալ։
Արմեն Սարգսյանը հայաստանյան քաղաքականության մեջ նոր մարդ չէ, սակայն իր բնույթով երևի թե համապատասխանում է ավելի շատ քաղաքական «ոսկե պահեստային» ամպլուային։ Լինելով Մեծ Բրտանիայի արտակարգ ու լիազոր դեսպան՝ նա հրավիրվել է Հայաստան այն ժամանակ, երբ իշխանության նկատմամբ հայաստանյան հասարակության վերաբերմունքը եղել է առավելագույնս թերահավատ։
Առաջին անգամ, ինչպես հիշում ենք, 1996 թվականին նրան Հայաստան հրավիրեց այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հետագայում՝ 2008 թվականին, երբ առաջին նախագահը վերադարձել էր մեծ քաղաքականություն, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Ամեն Սարգսյանի նշանակումը նա բացատրեց հետևյալ կերպ․ «Իշխանության մեջ ճգնաժամ էր, հանրության վստահությունը հասել էր գրեթե զրոյական մակարդակի, և եթե ես վարչապետ նշանակեի ՀՀՇ «բանդիտներից մեկին», ապա կարող էր պայթյուն տեղի ունենալ։ Հրավիրեցինք մեկին, ով մարդամոտ էր, շփվող և կարող էր դրական երանգ հաղորդել մեր աշխատանքին»։ Սակայն հետո Սարգսյանը հիվանդացավ ու հեռացավ Հայաստանից՝ պաշտոնավարելով, ըստ էության, գրեթե 3 ամիս։
Հիմա նորից նրան հրավիրում է նախագահը, այս անգամ՝ Սերժ Սարգսյանը։ Հրավիրում է այն ժամանակ, երբ նորից իշխանության մեջ ճգնաժամ կա, սակայն, ի տարբերություն 96 թվականի, այս անգամ ճգնաժամը ոչ թե իշխանության ներսի մեջ է (չշփոթել տարաձայնությունների հետ, դրանք կան, ու հակառակն անտրամաբանական կլիներ), այլ ավելի շատ վերաբերում է հանրություն-քաղաքական համակարգ հարաբերություններին։
Գործը բարդացնում է նաև այն, որ Սերժ Սարգսյանն այս քայլին գնում է ճարահատյալ, որովհետև քաղաքական համակարգ ասելով նկատի չունենք միայն իշխանությանը։ Գրեթե պարալիզացված է ընդդիմությունը, որը քաղաքական գործընթացների նկատմամբ ավելի շատ որդեգրում է կրավորական կեցվածք, կցկտուր խոսք, ուստի հակակշիռ չի կարող հանդիսանալ իշխանությանը և ոչ էլ լինել ավելի կենտրոնացած ու արդյունավետ աշխատանքի մոտիվատոր, հետևաբար Արմեն Սարգսյանին Հայաստան հրավիրելը յուրատեսակ մարտահրավեր է ամբողջ քաղաքական համակարգի համար ու իշխանության տարբեր բևեռները և, ինչու ոչ, նաև ընդդիմությունը պետք է փորձեն իրենց հարաբերությունները կառուցել նախագահի հետ, ով թեկուզ սիմվոլիկ, բայց հատկանշական ֆիգուր է լինելու քաղաքական դաշտում՝ կոչված փոխարինելու արբիտրի այն դերակատարին, որն արդեն երկար տարիներ ստանձնել էր Սերժ Սարգսյանը։ Քաղաքական գրեթե բոլոր ուժերի հետ Արմեն Սարգսյանն ունի բավականին լավ հարաբերություններ, ներհայաստանյան ինտրիգների մեջ թաթախված չէ, ուստի նրա հետ կարելի է փորձել ինչ-որ պայմանավորվածության գալ, և չի բացառվում, որ հենց նրա միջոցով Սերժ Սարգսյանը փորձի ձևավորել ազգային համաձայնության կառավարությունը, որի մասին շատ է խոսել։ Արմեն Սարգսյանն էլ իր հարցազրույցում բավականին դրական երանգավորմամբ խոսեց թե՛ գործող, թե՛ նախկին իշխանությունների հետ ունեցած իր ջերմ հարաբերությունների մասին, վերհիշեց Վազգեն Սարգսյանի հետ իր ընկերությունը։ Իսկ բարի ու դրական հուշերը լավագույն միջոցն են հանրության վստահությունը շահելու համար, քանի որ հուշերը ժողովրդական զրույցներում հետագայում դառնում են առասպելներ ու անընդհատ խոսակցության առարկա դառնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել