Արմեն Սարգսյանը՝ որպես նախագահի հավանական թեկնածու, սկսել է իր հանդիպումները քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա հանդիպել է ՀՅԴ-ի հետ, որից հետո կուսակցությունը համապատասխան հայտարարություն է տարածել, ըստ որի՝ սատարում է վերջինիս թեկնածությանը։ Այս հանդիպումներն, իհարկե, ավելի շատ սիմվոլիկ բնույթ են կրում ու քաղաքական արարողակարգի մի մասն են կազմում, սակայն կարևոր է, թե կողմերն ինչ են խոսում հանդիպումների ընթացքում։ Եթե կհիշեք, նմանօրինակ հանդիպումների շարք էլ սկսել էր ՀՀ առաջն նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ վերադառնում էր ակտիվ քաղաքականություն։ Ընդ որում՝ նա ՀՅԴ-ին նույնպես հանդիպեց՝ չնայած ՀՀՇ և ՀՅԴ խոր և հավերժական հակադրությանը։ Սա նաև փորձ է տրամադրություններ ստուգելու, զարկերակ շոշափելու, լսելու ու հասկանալու կոնյուկտուրան, համաձայնություններն ու անհամաձայնությունները։ Արմեն Սարգսյանի պարագայում քիչ այլ է։ Նախ՝ նրա թեկնածությունն առաջադրել է Սերժ Սարգսյանը, ով այսօր բոլոր քաղաքական ուժերի համար հեղինակություն է, ու նրա խոսքը վերջինն է։ ՀՅԴ-ն, սատարելով նախագահի թեկնածուին, ավելի շատ իր աջակցությունն է հայտնում հենց Սերժ Սարգսյանին։ Սարգսյանի առկայությունը շատ կարևոր է ՀՅԴ-ի համար, որովհետև հենց նրա օրոք է կուսակցությունը կոալիցիայի մաս կազմել, քաղաքական ամենալայն մանյովրների հնարավորություն ստացել, որն ի վերջո թույլ է տվել նրանց տարիներ շարունակ մնալ ջրի երեսին։ Այնպես չէ, որ ՀՅԴ-ն պարտքի տակ է մնացել։ Թե՛ մարտի մեկի ու թե՛ դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններից հետո նրանք անվերապահ սատարել են Սարգսյանին, ու գործող նախագահի՝ իր լիազորությունների ավարտից հետո քաղաքականության մեջ մնալը չափազանց կարևոր է նրանց համար՝ հաշվի առնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՅԴ-ի ջրերը մի առվով չեն հոսում։ Դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: