Նախօրեին հայրենի բանակը դարձավ 26 տարեկան։ Լրահոսում շատ էին շնորհավորական ուղերձներն ու բարեմաղթանքներն ուղղված թե՛ զինվորականներին, թե՛ բանակի նվիրյալների հասցեին, և դա բնական է, քանի որ խոսքը հաղթանակած բանակի մասին է, և ընդհանրապես, սա այն ֆրոնտն է, որ արտահայտվելիս պետք է գիտակցել խոսքի ամեն կշիռը և դրա կարևորությունը: Եվ սա առանց պաթոսի ու էմոցիայի. փորձենք մի փոքր բացել փակագծերը:
Երեկ առանձին լրատվականներում և մամուլի ակումբներում, ինչպես նաև սոցցանցերում հակաբանակային մի ալիք բարձրացավ, որով փորձ էր արվում խեղել բանակի տոնն ու հերթական անգամ վարակաբեկել ու անվանարկել ՊՆ համակարգն ընդհանրապես: Այս պարագայում հետաքրքիր է, որ այս գործընթացում միանգամից նկատվում էր գրանտի շունչը, և որ այդ ամեն արվում էր յուրատեսակ հրամանով: Վերջին մի քանի ամիսներին հատկապես երիտասարդության շրջանում փորձ է արվում անվանարկելու բանակի մասին պատկերացումները, ամենատարբեր միջոցներով ու սադրիչ գործընթացների քողարկված հովանավորությամբ պղծել ազգային բարձր արժեքներից մեկը:
«Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ կատաղի արշավում «ամենապատվավոր» տեղերից մեկը հատկացվում է Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող գրանտակեր կազմակերպություններին։
Ճիշտ է, գոյություն ունեն բազմաթիվ ոչ քաղաքական հասարակական կազմակերպություններ, և դրանք իսկապես քաղաքացիական հասարակության ինստիտուտներ են, քաղաքացիների ինքնակազմակերպման կառույցներ կյանքի և գործունեության տարբեր ոլորտներում։ Թեև մի շարք դեպքերում էլ ոչ քաղաքական ՀԿ-ները ստեղծվում են պարզապես գրանտներ ստանալու, այնուհետ դրանք յուրացնելու նպատակով։
Ստանալով փողերը Սորոսի հիմնադրամից և այլ կազմակերպություններից՝ հայրենի տասնյակ ՀԿ-ներ զբաղված են բացառապես «Ազգ-բանակ» գաղափարի և ընդհանրապես բանակի վարկաբեկմամբ։
Նախօրեին տեղի ունեցածը նշված գործընթացի մի փուլ էր, որն առիթ էր մեդիադաշտում յուրահատուկ շղարշ ապահովելու և ժողովրդին հերթական անգամ ապակողմնորոշելու:
Փաստացի կարող ենք նշել, որ գրանտիստների ցանկություններն ի դերև ելան, քանի որ ՊՆ համակարգը ՀՀ-ում միակ ոլորտն է, որ, չնայած պարբերաբար քննադատություններին ու հնչող թիրախային հարցերին, շարունակում է ունենալ կայուն ռեյտինգ:
Վաղուց ժամանակն է քաղաքական գնահատական տալու ՀԿ-ների փոխակերպմանը քաղաքացիական հասարակության ինստիտուտներից քաղաքական գործունեության սուբյեկտների։ Դա լիովին փոխում է «քաղաքացիական հասարակություն» բուն հասկացության նկարագիրը, քանզի քաղաքացիական հասարակությունը քաղաքականություն չէ՛։
Անիմաստ շոուներ ու ապարգոռգոռ տեքստեր հորջորջելու փոխարեն ավելի տրամաբանված կլիներ՝ ազգովի լծվենք բանակաշինության գործին և նեցուկ լինենք ազգային անվտանգության դոկտրինի կատարմանը:
Շնորհավոր բանակի օրը: