Վերջին ժամանակներս շատ է խոսվում, որ Ռուսաստանում հայերի ազդեցությունը բավականին մեծ է, սակայն քաղաքական առումով այն չի կապիտալիզացվում։ Այսօրվա դրությամբ ՌԴ Պետդումայում ծագումով ադրբեջանցի 5 պատգամավոր կա, իսկ ծագումով հայ՝ ոչ մի։ Ինչո՞ւ է այսպես ստացվել, ու ո՞րն է սրա հիմնական պատճառը։ Որովհետև այն երկրները, որոնք համակարգային առումով կայացած չեն ու ավելին՝ կախված են գերտերություններից այս կամ այն չափով, շատ հաճախ ապավինում են հզոր ու ազդեցիկ անհատներին՝ այս կամ այն հարցերը կարգավորելու համար։ Հայաստանի ու Ռուսաստանի պարագայում արժեհամակարգով ու քաղաքական հարաբերությունների կառուցվածքաբանությամբ այս երկրները քիչ են տարբերվում։ Միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանն, անկախ ամենից, գերտերություն է, իսկ Հայաստանն իր անկախության համար ցայսօր պայքար մղող պետություն։
Հետևաբար այս պարագայում գործում են անհատական կապերն, ու այս առումով Ռուսաստանում վերջին ժամանակներս ակտիվացել են խոսակցությունները ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի շուրջ։ Վերջինս Սոչի քաղաքի ազդեցիկ գործարարներից է ու նախկինում զբաղեցնում էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի ոչ հաստիքային խորհրդականի պաշտոնը։ Նրա անունը երբեմն տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ է կապվում՝ մարզաշխարհից ու մշակույթի ոլորտից մինչև հանցավոր ու քաղաքական շրջանակներ։ Եվ այս հանգամանքը միշտ չէ, որ պետք է բացասական դիտարկել, քանզի այսօրվա դրությամբ հանուն Հայաստանի շահերի գործող մարդու պարագայում նրա մասնագիտական պատկանելությունն այնքան էլ կարևոր չէ, որովհետև մենք չունենք բավարար քանակի մարդկային ռեսուրսներ քաղաքական ասպարեզում, ուրեմն՝ դա նշանակում է, որ պետք է ապավինենք այն ռեսուրսներին, որ ունենք։ Բնականաբար, խոսքս անխտիր բոլորին չի վերաբերում։ Իսկ Թաթուլյանի պարագայում, անշուշտ, արժե նաև ֆիքսվել դրական երևույթների վրա, որովհետև հնարավոր չէ ունենալ շատ մեծ ազդեցություն Ռուսստանում ու չունենալ, այսպես կոչված, բարեկամներ։ Դա միանգամայն դրական երևույթ է։