Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի շուրջ վերջին ժամանակներս բավականին մեծ աղմուկ է բարձրացել ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ Հայաստանում։ Կրքերն իհարկե շիկացան, երբ հայտնի դարձավ, որ վերջինս ՀՀ արտաքին գործերի նախարարի արտահաստիքային խորհրդական է եղել։ Թաթուլյանի անունը շատ հաճախ կապվում է քրեական աշխարհի հետ, ուստի նախարարի թեկուզ արտահաստիքային խորհրդական լինելը հանրության համար բավականին խնդրահարույց հույզեր առաջացրեց։
Սակայն անհրաժեշտ է հասկանալ ամբողջ ճշմարտությունն այս երևույթի վերաբերյալ։ Նախ՝ Թաթուլյանը բավականին ազդեցիկ դեմք է Ռուսաստանում, ով, եթե ունի արտահաստիքային խորհրդականի կարգավիճակ կամ ունեցել է, ուրեմն՝ քաղաքական դաշտում էլ բավականին մեծ հարցեր է կարողանում լուծել ու մոտ է ռուսական քաղաքական էլիտային։ Համաձայնեք, ինչքան էլ սկեպտիկորեն տրամադրվենք մեր ԱԳՆ-ի կամ նրա կատարած աշխատանքների հանդեպ, սակայն այնքան սիրողական չենք համարի նրա աշխատանքը, որ կարծենք, որ կամայական մեկին նշանակել են այդպիսի պատասխանատու պաշտոնում։ Ինքներդ դատեք, ապրիլյան իրադարձություններից հետո փոխվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը։ Դա պայմանավորված էր նրանով, որ դեսպանը հայ համայնքի համախմբման հարցում չէր գտնվել առավել կոմպետենտ, ու դրա մասին խոսում էին նաև Ռուսաստանում հայտնի քաղաքական վերլուծաբաններն ու լրագրողները։ Արդյունքում փոխվեց դեսպանը, փոխվել է նաև հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունն ու այստեղ արդեն Թաթուլյանն իր կապերով կարող է էական դեր կատարել ու բացի բիզնես հետաքրքրություններից՝ բավարարել նաև քաղաքական շահեր, որոնք կբխեն երկու երկրների շահերից։