Օրերս ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը ՄԱԿ-ի ԱԽ-ի հատուկ նիստին հրապարակել է իսրայելական հատուկ ծառայությունների տրամադրած հետախուզական տվյալները՝ «Սիրիան աշխարհի մեծագույն ռազմաբազայի վերածելու Իրանի փորձերի վերաբերյալ»:
Իսրայելի կողմից բացահայտված «գաղտնի տեղեկությունների» համաձայն՝ ներկայումս Սիրիայում գործում են ԻԻՀ ենթակայության ներքո գտնվող շուրջ 82 հազ. զինյալներ, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» 3 հազար անդամներ, լիբանանյան «Հիզբալլահի» 9 հազար մարտիկներ, շիայական աշխարհազորի մոտ 10 հազար զինյալներ՝ հավաքագրված ամբողջ տարածաշրջանից, ինչպես նաև շուրջ 60 հազար սիրիացիներ:
Իսրայելի մշտական ներկայացուցչի հավաստմամբ՝ Իրանը Սիրիայի տարբեր շրջաններում կառուցում է ռազմաբազաներ՝ նշված խմբավորումներին տեղակայելու նպատակով, ինչպես նաև՝ հրթիռարտադրության համար նախատեսված գործարաններ՝ դրանց շրջակայքում եղած բնակչությանը վերածելով կենդանի վահանի:
Բացի այդ՝ 2015 թ. Միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Իրանը միայն ավելացրել է իր ռազմական ծախսերը: Այսպես, եթե 2014 թ. ռազմական ոլորտի ծախսերին էր ուղղվում ԻԻՀ ՀՆԱ-ի 17%-ը, ապա 2017 թ.՝ արդեն 22%-ը:
Այն իրողությունը, որ սիրիական հակամարտության շրջանակներում Իսլամական հանրապետության դերակատարությունը բավական ծանրակշիռ է, և որ 2011-2015 թթ.՝ մինչև ՌԴ ուղղակի ռազմական միջամտությունը, Բաշար ալ-Ասադի վարչակարգը կարողացավ պահպանել իր գոյությունը և ձախողել բոլոր արտաքին դերակատարների ծրագրերը Սիրիայում մեծամասամբ Թեհրանի համակողմանի աջակցությամբ, որևէ կասկած չի հարուցում: Ուստի եթե նաև հաշվի առնենք քարոզչական բաղադրիչի էական բաժինը Իսրայելի կողմից ներկայացված զեկույցում, այսուհանդերձ անգամ հրապարակված տվյալների 50%-անոց ճշգրտության պայմաններում Իրանի ներկայությունը Սիրիայում բավական ազդեցիկ է:
Հետևաբար, նաև վերոնշյալի համատեքստում Սիրիայում ներկայումս ծավալվող և կանխատեսվող գործընթացներում Իրանի շահերի անտեսումը կնշանակի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի ուղղակի խոչընդոտում, իսկ հակամարտության հետագա ձգձգումը՝ անհերքելիորեն Սիրիայի տարածքում Թեհրանի դիրքերի ավելի ամրապնդում, որի հետևանքները նրա՝ հատկապես տարածաշրջանային հակառակորդների համար կենսական նշանակություն ունեն: