Գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ-ն չունի գաղափարախոսություն, այլ խոսքով՝ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում է պետությունը և իրականակացնում պետության շահերին համահունչ քաղաքականություն։ Ցանկացած պետություն կամ կազմակերպություն, որը զուրկ է գաղափարախոսությունից, չի կարող ունենալ դաշնակիցներ, քանզի ողջամիտ մարդիկ կամ պետությունները դաշնակցում են միայն նրանց հետ, որոնք վստահելի են նախ և առաջ իրենց սկզբունքայնությամբ․․․
Մի պահ պատկերացնենք այս տարածաշրջանն առանց Ռուսաստանի։ Բնական է, որ բազմաթիվ հին և նոր խնդիրներ են ծագելու ՀՀ-ի և նրա անմիջական հարևանների միջև, որոնք ցանկացած պահի կարող են ՀՀ-ն կանգնեցնել նոր պատերազմի առջև։ Ակնհայտ է, որ ՀՀ երեք կառավարությունների հույսը Եվրոպան է, բայց դա ոչ միայն անիրական է, այլև՝ անհեթեթ․ և՛ պատմությունը, և՛ տրամաբանությունը ոչ մի կասկած չեն թողնում, որ Եվրոպայի միակ ձգտումը Հայաստանը Ոուսաստանից կտրելն է, մոռացության մատնել ՀՀ-ի հնարավորությունը որպես այդ հյուսիսային պետության հնարավոր դաշնակից իր ծավալապաշտական խնդիրները լուծելու համար, որը կարող էր ձեռնտու լինել նաև մեր երկրին․․․
Եթե չկա Ռուսաստան, չկա նաև ՀՀ-ն այդ երկրից կտրելու անհրաժեշտություն, ուրեմն՝ ՀՀ-ն կորցնում է իր նշանակությունը ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Կա նաև գաղթականների խնդիրը, որոնք ձգտում են հասնել Եվրոպա։ Եվրոպայում էլ որոշել են այդ հոսքը մասնավորապես ուղղել մեր երկիր․․․ Նոր վարկերի միջոցով սա էլ կիրագործեն, և մի քանի տարի անց ՀՀ-ն բոլորովին կկորցնի իր նշանակությունը Եվրոպայի համար։ Այսինքն՝ Եվրոպային ձեռնտու չէ արդյունաբերական ՀՀ-ն, նրան պետք է թույլ ու վարկերի միջոցով թելադրվող երկիր։ Հենց Եվրոպան անցած երկու տասնամյակների ընթացքում վարկերի միջոցով պարտադրեց այնպիսի քաղաքականություն, որի միջոցով զարգացած արդյունաբերություն ունեցող մեր երկիրը, որը համեմատաբար ուներ ավելի շատ գործարաններ, քան Ֆրանսիան կամ Գերմանիան, իր իսկ, մեղմ ասած, նյութամոլ ղեկավարների ջանքերով մի երկու տարվա ընթացքում դարձավ տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը։