Ուղիղ տասը տարի առաջ ես ֆիլմ էի նկարահանում Վրաստանի մասին և այդ ժամանակ հարցազրույցներից մեկը բալետի անվանի պարուհի Նինա Անանիաշվիլիի հետ էր: Հարցազրույցը նկարահանեցինք նրա փոքր «հոգու թատրոնում», որից հետո Նինան առաջարկեց երեկոն շարունակել թատրոնում և դիտել նրա բեմադրությունը:
Նախ, այդ «թատրոնն» իրականում «Կինո Նաիրիի» վիդեոսրահի չափ տեղ էր, երկրորդը` ներկայացումից առաջ և ընթացքում կար հյուրասիրություն` գինի, չարազ, փոքրիկ թխվածքաբլիթներ: Սա այնքան արտառոց էր, որ մինչև ուշքի եկանք, ներկայացումը սկսվեց: Ու ներկայացման ընթացքում անընդհատ նկարահանող խմբով միմյանց էինք նայում` մեղքի գիտակցումով, թե… բայց հիմա ինչ… դիտենք ու խմենք:
Սերժ Ավեդիքյանի «Անուշ»-ի պրեմիերայից հետո բոլորը միմյանց նայում էին հենց այդ հայացքով` բայց կարելի՞ է: Երևի գիտեք` առաջին օրը ոտքի է կանգնել խմբավար Արա Պետրոսյանը` ճանաչված երաժշտագետ Ավագ Պետրոսյանի որդին, և սկսել է բացականչել, թե դա խայտառակություն է, իսկ պրեմիերայի օրը Վարդուհի Վարդերեսյանը խիստ հրապարակային վերջին ակորդից հետո ուղղակի լքեց դահլիճը, Ժենյա Ավետիսյանը միջանցքում կորած հայացքով շշնջում էր` սա ի՞նչ էր, ուղղակի խայտառակություն: Ավելի զուսպ մարդիկ, մի քանիսը օրինակ Կոնսերվատորիայից, միմյանց սփոփում էին` դե նոր է…մի օր էլ սա պետք է լիներ: Այս հակասական, բայց և սպասելի արձագանքների պատճառները մի քանիսն են: Փորձենք հասկանալ:
Նախևառաջ, «Անուշը» դասական օպերա չէ, այն կամերային ներկայացում է՝ օպերայից ներշնչված ու այսպես ասած «միջազգայնացված»: Ֆրանսիական շունչը զգացվում էր հագուստի մեջ` թեթև, մինիմալիստական, ժամանակակից, բայց որոշակի ազգային երանգներով կամ ատրիբուտներով:
Երկրորդը` խորեոգրաֆիան` հայկական պարը փոխակերպվել էր եվրոպացիների համար հասկանալի ազատ ոճի բալետի: Այն կարծես թե հայկական է, բայց միևնույն ժամանակ չափազանց կանոններից դուրս, բայց և կանոնակարգված քաոսի տրամաբանության մեջ: Սրա բացատրությունն էլ կա` խորեգրաֆը ֆրանսիացի է, որը փորձել է հայկական շարժուձևը, պարը, պարականոնը ոչ թե ուղղակի ներկայացնել, որը եվրոպացու աչքին խորթ կթվար, այլ դարձնել այսպես կոչված միքս` ծանոթ քաոսին ավելացնելով հայկականություն:
Ավետիքյանի «Անուշը» մեկ արարով մեկուկես ժամանոց ներկայացում էր, որտեղ երեք գլխավոր հերոսների ողբերգությունը տեղավորվում էր մեկ հարթասանդղակի վրա ու պրոյեկտորի անընդհատ փոփոխվող նկարների ներքո: Մեդիա-ներկայացման գլխավոր դերակատարներն էլ երիտասարդներ էին` ջահել երգիչներ, որոնք մեծ կրքով, հավեսով ներկայացնում էին ծանոթ դրաման անսովոր բեմադրությամբ:
Ինչպես իմ ընկերներից մեկը նկատեց, այս «Անուշը» շատ նման էր այժմ վաճառվող «Արիստոտելը` բութերի համար», կամ Տոլստոյի « “Պատերազմ և խաղաղությունը. ընդամենը 100 էջով» գրքերին:
Արդյոք սա վատ է կամ խայտառակություն: Իհարկե` ոչ: Դա չափազանցություն է: Որևէ մեկը Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնին ոչ պարտադրում է Անուշ-իայս մեկնաբանությունը, ոչ էլ պնդում է, որ սա է ու վերջ: Սա այլընտրանքային Անուշ է: Նոր սերնդի համար, որի ուշադրությունն իրականում այսօր երեսուն վայրկյան է, որը հաճույքով կդիտի ոչ թե ակադեմիական մի քանի արարով ներկայացումը, այլ հենց այս մեկուկես ժամը:
Սա արտասահմանցիների համար ներկայացում է, որոնց համար օրինակ նույն այդ պրոյեկտորը լուսագրերով ներկայացնելու է՝ ինչի մասին են երգում հերոսները:
Այս «Անուշ»-ը օպտիմալացման արդյունք է` հակիրճ, հասկանալի, համարձակ ու ստեղծագործական մոտեցումներով` տպավորիչ վերջաբանով ու երիտասարդ անձնակազմով:
Այս «Անուշը» դասական չէ, ավելին, այն իսկապես ժամանակակից է: Ի վերջո, այստեղ Անուշի մոտիվացիան էլ է տարբեր. Անուշը, դասական մեկնաբանությամբ, զոհ է գնում գավառական բարքերին, դառնում այդ բարքերի հետևանքով առաջացած հանգամանքների զոհը, իսկ Ավետիքյանի ներկայացրած «Անուշը» սիրո պատմություն է, երբ սիրեցյալին կորցրած Անուշին այլ բան չի մնում, քան միանալ նրան այն աշխարհում: Անուշի քայլը ոչ թե ողբերգությունից դրդված քայլ էր, այլ գիտակցված ընտրություն` որտեղ Սարոն, այնտեղ` ես:
Ես ամենևին չեմ հավակնում արվեստագետի գրաքննական խորությամբ կատարել վերլուծություն, ավելին՝ հաշվի առնելով իմ երաժշտական կասկածելի ճաշակն ու լսողության բացարձակ բացակայությունը՝ չեմ կարող գրել` ֆալշ էին երգում, թե ոչ, նոտան վերցրին, թե ոչ: Իմ գրածն ավելի շատ երաժշտական նոր ուղղությունը առանց նյարդային ջղաձգումների ընկալելու մասին է, համերաշխության ձեռք է երկու կողմերի համար էլ` նրանց համար, ովքեր նախընտրում են մեր պապերի «Անուշը» և մյուսների, որոնց համար Ավետիքյանի «Անուշ»-ն էլ ընդունելի է: Թող սա էլ լինի: Թող այս «Անուշն» էլ լինի: