Արմենը 1-ին դասարանում, այսինքն՝ իր կյանքի 7-րդ աշնանը, հասկացավ՝ ինչ-որ բան այն չէ: Դպրոց մտնելուց րոպեներ անց երեխաները պատմում էին պապայի, մամայի, մասին, իսկ ինքը միայն մամա էր տեսել:
Դասընկերները զարմանքով հարցրին, թե ոնց է պատահել, որ իր հոր անունն էլ է Արմեն, իր անունն էլ: Արմենն էլ չուներ պատասխան: Ինքը գիտեր, որ հայրը մի շաբաթ Ռուսաստանում է, հետո ավելի հեռու տեղ, ու այդպես, Արմենը միայն լսել էր, որ հայրը հեռուներում է:
1-ին դասարանում, սեպտեմբերի 1-ին և իր կյանքի 7-րդ աշունը Արմենը միանգամից մեծացավ, մեծացավ, երբ լսեց, որ ուսուցիչները թաքուն խոսում են իր մասին, Գետաշենում ընկած հոր մասին:
Արմենը տան ճանապարհին ոչինչ չխոսեց մոր հետ, մայրը անդադար հարցեր էր տալիս, իսկ նա լուռ էր, արդեն մեծացել էր, Արմենը հասկացել էր, որ հայր չունի:
Երբ հասան տուն, գնաց ու կանգնեց հոր նկարի մոտ, կանգնեց ու անդադար նայեց հայր Արմենին: Իրեն կյանք տվողին ինքը չէր տեսել:
Մորը խնդրեց իրեն տանել գերեզմանոց: Մայրն անակնկալի եկավ, չէր պատկերացնում, որ որդին արդեն մեծացել է, չէր պատկերացնում, որ արդեն ժամանակն է:
Հաջորդ օրը Արմենը դպրոցում արդեն խոսում էր նաև հորից, այն, ինչ հասցրել էր մայրը պատմել նախորդ օրը, այն, ինչ եղել էր: Ոմանք պատմում էին իրենց հայրերի լավ փող աշխատելուց, ոմանք պատմում էին իրենց հայրերի «լավ տղա» լինելուց: Իսկ Արմենը պատմում էր, որ իր հայրն ընկել է հերոսի նման:
Նախորդ օրը Արմենը առաջին անգամ իր հոր գերեզմանն էր այցելել և առաջին անգամ երդվել էր իր հոր հիշատակի առաջ, երդվել էր, որ լավ մարդ կդառնա:
Սկսեց սովորել գերազանցիկ, երազում էր լինել հոր նման զինվորական:
Դպրոցում միշտ հպարտությամբ էր պատմում հայր Արմենի մասին:
Իսկ Արմենը շատ շուտ մեծացավ, շատ շուտ հասունացավ: Արմենն արդեն տղամարդ էր իր կյանքի 7-րդ աշնանը:
Հատված
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել