Ապրիլի 9-ին հայտնի է դառնալու Հայաստանի նոր վարչապետի անունը, սակայն դա համառորեն գաղտնի է պահվում։ Լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, ուստի ապրիլին արդեն պետք է հայտնի լինի անունը։ Բայց, ինչպես արդեն ասել ենք, Սարգսյանը չի շտապում ենթադրյալ վարչապետների անուններ տալ, մանավանդ որ այս պարագայում նա հանդիսանում է յուրատեսակ խաղացող-մարզիչ։ Հենց ինքը՝ Սարգսյանն էլ է վճռորոշ դեր ունենալու թեկնածուի ընտրության հարցում։ Եթե Սերժ Սարգսյանը որոշեց, որ ինքն է վարչապետ լինելու, ապա ստացվում է, որ էլիտայի ներսում վերադասավորումները բարեհաջող չեն ավարտվել կամ առնվազն ընթացքի մեջ են, էլիտայի տարբեր հատվածների կորպորատիվ շահերը չեն համընկել պետության շահերի հետ, ու Սարգսյանը նորից ստանձնում է այդ տարբեր հատվածների միջև բուֆերի դերակատարությունը։ Եթե ամեն դեպքում իր փոխարեն մեկ այլ թեկնածու է լինում, ապա ի պաշտոնե բազմաթիվ ֆունկցիաներ պետք է ունենա։ Փաստացի, վարչապետը երկրում իշխանության իրականացման համար բազմաթիվ ֆունկցիաներով է օժտված լինելու ու ի տարբերություն նախագահի, որի գործառույթները զուտ սիմվոլիկ են, նա օժտված է լինելու լայն գործառույթներով։ Այս պարագայում, սակայն, պետք է հստակ ֆիքսենք մեկ բան, որ վարչապետի պաշտոնում, բացի իրենից, Սերժ Սարգսյանը նկատի է ունենալու մեկին, ում վստահում է երկրի քաղաքականությունը, քանի որ ինքը չի հեռանալու քաղաքականությունից ու այսպես թե այնպես շարունակելու է մնալ երկրի ստվերային կառավարիչը։ Ու նրան պետք է այնպիսի թեկնածու, որն էլիտայի վերադասավորման ու իշխանության դիվերսիֆիկացման գործում ոչ թե կխանգարի, այլ կօգնի իրականացնել ծանրագույն այդ գործընթացը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: