Վերջին օրերին վաղուց հայտնի մի թեմա սենսացիա են դարձրել, թե ուսուցիչները ակտիվորեն լծված են Երևանի ավագանու ընտրությունների համար իշխող կուսակցությանը սատարելուն, ու համառորեն ծամծմում են սա, ասես նոր միայն իմացան այդ մասին: Ի դեպ, այն, որ ուսուցիչները բավական մեծ հնարավորություններ ունեն, հայտնի է ոչ միայն հիմա ու ոչ միայն մեր երկրում: Մեծ Բրիտանիայի լեգենդար վարչապետ, պահպանողական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Ուինսթոն Չերչիլը ժամանակին ասել է. «Դպրոցի ուսուցիչներն ունեն այնքան մեծ իշխանություն, որի մասին վարչապետներին մնում է միայն երազել»:
Երկրորդ աշխարհամարտի դաժան տարիներին Ուինսթոն Չերչիլի դերը հազիվ թե հնարավոր է գերագնահատել: Բայց դա չխանգարեց, որ պատերազմի ավարտից քիչ անց կայացած ընտրություններում նրա ղեկավարած կուսակցությունը պարտություն կրեր ընտրություններում, ու ինքը ստիպված լիներ հրաժեշտ տալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին: Իհարկե, դրանից հետո, Չերչիլը սեփական ժողովրդից բողոքելն էլ էր անում ջենթլմենին հատուկ կոռեկտությամբ՝ պարբերաբար հիշատակելով Պլուտարքոսի հայտնի խոսքերը. «Իրենց մեծ մարդկանց նկատմամբ երախտամոռությունը ուժեղ ժողովուրդների բնորոշ գիծն է»: Բայց եթե Չերչիլը լիներ ոչ թե սոսկ պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, այլ ազգային պահպանողական, ասենք՝ ՀՀԿ-ի նման, ու ազգի դարդուցավով ապրող պետական այր, ապա հրաշալի կօգտագործեր ուսուցիչների հզոր ներուժը, ընտրություններում կհաղթեր ու սեփական ազգին էլ երախտամոռ չէր անվանի:
Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, եթե չգիտեք, ասեմ՝ ՀՀԿ-ն ինչ անում է, ազգի համար է անում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.antinyan/posts/647559085270507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել