ԵԼՔ-ը պնդում է, որ երեկվա հանրահավաքն ամենամարդաշատ հանրահավաքն է, որ իրականացրել է դաշինքն իր կազմավորումից ի վեր։ Նրանց ընդդիմախոսները պնդում են, որ հավաքվել էր ընդամենը 600 մարդ, մի քիչ ավելի լավատեսները պնդում են, որ 1500։ Հաջորդ հանրահավաքը նախատեսված է փետրվարի 5-ին, թեման՝ նորից թանկացումներ։
Առաջին հանրահավաք-երթի վերաբերյալ որևէ դատողություն չենք անում, որովհետև երկարատև ընդմիջումից հետո առաջին խոշոր հանրային միջոցառումն էր, մարդիկ տոնուսի մեջ չէին, սակայն հաջորդի ժամանակ արդեն նույնն ասել չենք կարող։ Սակայն մի փոքրիկ պարզաբանում այս թեմայի վերաբերյալ․ հաջորդը նույնպես երթ է լինելու, և շատ մեծ հավանականություն կա, որ այն նորից սկիզբ կառնի Մոսկվա կինոթատրոնից։ Սա արդեն նուրբ քայլ է։ Ինչպես գիտեք, սովորաբար քաղաքական ուժերն իրենց հանրահավաքները կազմակերպում են Ազատության հրապարակում, սակայն պարզ է հիմա, որ ո՛չ ԵԼՔ-ը, ո՛չ էլ այլ որևէ ընդդիմադիր ուժ չի կարող հանրահավաք կազմակերպել ու լցնել Օպերայի հրապարակը, ինչը կարող է մնացած քաղաքացիների համար տարակուսելու պատճառ հանդիսանալ։ Դրա համար ընտրվել է Մոսկվա կինոթատրոնի տարածքը, որն իր չափսերով ավելի փոքր է, իսկ երթի ընթացքում Աբովյան փողոցի միակողմանի լինելու պարագայում հնարավոր է փողոցը վերևից ներքև ամբողջությամբ փակել՝ ի տարբերություն, օրինակ, Մաշտոցի պողոտայի, որը մեծությամբ ու ծավալներով ակնհայտորեն գերազանցում է Աբովյան փողոցին, ու հաստատ լուսանկարներով շատ ավելի էֆեկտիվ ու արդյունավետ պատկեր չի ստացվի, քան այն, ինչ այսօր ունենք։ Այնպես որ, մարքեթինգային առումով տեղն ու ձևաչափը ճիշտ էին ընտրված, սակայն այս ամենն էլ ի չիք կդառնա, եթե հաջորդ անգամ գոնե կրկնակի թվով չշատանա մասնակիցների թիվը։