Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Աֆրինում, բնակվող և այնտեղ գտնվող քուրդ զինյալների նկատմամբ Անկարայից հնչող սպառնալիքները Ռեջեփ Էրդողանի կողմից կյանքի են կոչվում։ Մի քանի օր շարունակվող ռուս-թուրքական բարձր մակարդակով զինվորական բանակցությունների արդյունքում այսօր արդեն թուրքական զորքերը սկսել են ռմբակոծել Աֆրինի տարածաշրջանի քրդաբնակ գյուղերը և հայտարարում են, որ, ուր որ է, սկսելու են ցամաքային ռազմական օպերացիան։ Ամենակարորն այս տեղեկատվական հոսքում այն է, որ ռուսական կողմը համաձայնել է դուրս բերել իր զորքերն Աֆրինից։ Մոսկվան լռում է և ոչ մի մակարդակով չի մեկնաբանում Անկարայից հնչող այն հայտարարությունները, թե Ռուսաստանը դուրս է բերելու Աֆրինից իր զորքերը, որպեսզի տեղի չունենա բախում թուրքական զորքերի հետ, որոնք պատրաստվում են ցամաքային գործողություններին։ Այս հայտարարության հեղինակը Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին է։

Այսինքն՝ ռուսները քրդերի թիկունքում թուրքերի հետ բանակցությունների արդյունքում տարրական «քցեցին» քրդերին և պաշտպանում են Անկարային, որի գլխավոր նպատակն է օկուպացնել Սիրիայի ամբողջ հյուսիս-արևմուտքը, որին խանգարում են Աֆրինի քրդերը։ Անկարան այդտեղ գտնվող YPG-ի քուրդ աշխարահազորայիններին անվանում է ահաբեկիչներ և համարում Թուրքիայում գործող քրդական PKK-ի մասնաճյուղ։
2011թ․-ին Սիրիայում հակաահաբեկչական գործողությունները սկսվելուց ի վեր Սիրիայի քրդերը բավական մեծ տարածքներ են իրենց վերահսկողության տակ վերցրել. Սիրիայի ամբողջ հյուսիսը և արևելքն, ինչպես նաև Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասն այժմ գտնվում են նրանց վերահսկողության տակ։

Նախ՝ Անկարային սարսափեցնում է այն փաստը, որ Թուրքիայի քրդերի և Սիրիայի քրդերի ռազմական ջոկատները կարող են որոշ ժամանակ անց միավորվել և մեծ խնդիրներ ստեղծել թուրքերի համար․ Սիրիայի քրդաբնակ անկլավներ Քոբանին, Ջազիրան և Շահբան վաղուց միավորվել են։ Միայն Աֆրինն է անջատված քրդերի վերահսկողության տակ գտնվող մյուս շրջաններից։ Հենց Անկարան, ժամանակին կանխազգալով բոլոր քրդաբնակ անկլավների միավորման վտանգը Թուրքիայի համար, 2016թ․-ի օգոստոսի վերջին Աֆրինի և Քոբանիի միավորումը թույլ չտալու նպատակով զորքեր մտցրեց Սիրիայի հյուսիս և քրդական YPG-ի և PYD-ի զինյալներից գրավեց Ազազը, Ալ-Բաբը և Ջարաբլուսը։ Իսկ հիմա էլ Անկարան, իր կողմը գրավելով Մոսկվային, նախաձեռնում է քրդերից վերցնել Աֆրինը՝ այդպիսով շեշտակի ուժեղացնելով իր դիրքերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում և մեծ վտանգ ներկայացնելով Հալեպին։

Այսպիսով՝ Մոսկվան, Վաշինգտոնը և Անկարան բաժանում են Սիրիան միմյանց միջև։


Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ քրդերին պաշտպանելու նպատակով Աֆրինում գտնվող ռուսական զորքը, տարրական դավաճանելով քրդերին, դուրս է գալիս այդ տարածաշրջանից և այն սկուտեղի վրա մատուցում է Անկարային։
Պատմությունը ոնց որ թե կրկնվում է։ Այս անգամ ռուս-թուրքական սիրախաղի զոհերն են սիրիաբնակ քրդերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել