Վերջին օրերին ադրբեջանական կայքերը հերթական անգամ զառանցեցին․ իրենց արևին Ջավախքում սեպարատիզմ են հայտնաբերել՝ այս անգամ հիմք ընդունելով թուրք քաղաքական կլոուն ոմն Գյուլբեյի հայտարարությունը։ Այս երևույթը սկսվում է նմանվել սիմպտոմատիկ պսիխոզի։ Ազերաթուրքերի՝ հայ-վրացական բախում ակնկալող այս սցենարը ծիծաղելի է, բայց նաև մտահոգիչ։ Մտահոգիչ այն իմաստով, որ վրացական կայքերն այս ու նմանատիպ այլ հայտարարություններին տեղ են հատկացնում, ակտիվանում են նավթամանաթով պարգևատրվող վրացի գործիչները, վրացի ընթերցողը դժվարանում է թացը չորից տարանջատել, ու այս պրոցեսները վերջիններիս դիրքորոշումների վրա, ցավոք, թողնում է որոշակի ազդեցություն։ Իսկ իրական սեպարատիստներին պետք է փնտրել ժամանակին «Անկախ Բորչալու» կուսակցություն ստեղծելու համառ փորձեր անողների և նրանց հովանավորների շրջանակներում, ովքեր աջակցություն էին ստանում նաև Բաքվի իշխանություններից։ Ակնհայտ է, որ Բաքուն ու Անկարան երազում են երկրորդ հակահայկական ճակատի մասին և Ջավախքի «սեպարատիզմի» մասին էժանագին հորինվածքները նման նպատակ են հետապնդում։ Վրաստանի հայկական շրջանակներում և մասնավորապես՝ Ջավախքում սեպարատիզմ չի եղել ու չի լինի, ինչքան էլ որ ազերաթուրքերը երազեն այդ մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: