Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեությունն իրականացվել է 3 հիմնական ուղղությամբ, որից առաջինն իրականացվող բյուջետային ծրագրերի ծախսարդյունավետության բարձրացումն է եղել։
ՀՀ 2017 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 408,9 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 30.1 տոկոս), 91 ծախսային ծրագրի գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 365 մլրդ դրամ: Ծախսարդյունավետության բարձրացումը կազմել է շուրջ 8.5 մլրդ դրամ, որից 1.7 մլրդ դրամն ուղղվել է օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված որոշակի ծրագրերի ֆինանսավորմանը, իսկ շուրջ 6.8 մլրդ դրամը՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցով իրականացվելիք այդ ծախսային ծրագրերի ուղղություններին: Նախարարի խոսքով՝ 2-րդ ուղղությունն իրականացվող ծրագրերի հասցեականության մակարդակի բարձրացումն է, և այս առումով կատարված աշխատանքը ցույց է տալիս, որ բնակչության խոցելի խմբերին, ծայրահեղ աղքատության և աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը շարունակական կատարելագործման կարիք ունեն՝ թե´ մոնիթորինգի ու գնահատման համակարգի, թե´ պարամետրերի բարելավման միջոցով: 3-րդ ուղղությունը քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է՝ դրանք առաջին հերթին պայմանավորելով գնահատված կարիքներով: Ա.Ասատրյանը նշել է, որ աշխատանքները շարունակական բնույթ են կրել, ներդրվել են առցանց ծառայություններ, իրականացվել է տեղեկատվության թվայնացում:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է հստակ ձևակերպված խնդիր ունենա, և այդ առումով սոցիալական աշխատանքի համակարգի ինստիտուցիոնալացումը պետք է որակական փոփոխություն և կոնկրետ արդյունք ապահովի ոլորտում, այլապես դա ինքնանպատակ գործողություն կարող է դառնալ:
Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել խնդիրները, որին ձգտում են հասնել. «Բիզնեսի մեջ, կառավարման մեջ չափազանց պարզ մի կանոն կա, եթե դու չես կարողանում ձևակերպել՝ ինչի ես ուզում հասնել, դու դրան հասնելու շանս չունես: Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը: Ծանրաձողը, որը վերցնում եք, պետք է մաքսիմալ ծանր լինի»: