Հունվարի 16-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Նազարբաևի՝ ԱՄՆ այցի շրջանակում ստորագրվել է 20-ից ավելի համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը 7 մլրդ դոլար է՝ ներդրումային ու առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, որոնք ուղղված են ավիացիայի և տիեզերական հետազոտությունների, նավթաքիմիական ու գյուղատնտեսական ոլորտներում, ենթակառուցվածքային զարգացման նախագծերի իրականացմանը: Նշենք, որ Ղազախստանը հունվարի 1-ից ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը:
Թրամփը Միացյալ Նահանգների հինգերորդ նախագահն է, որի հետ հանդիպում է Ղազախստանի առաջին և մինչ օրս միակ նախագահ Նազարբաևը: Ղազախստանի ղեկավարն առաջին անգամ պաշտոնական այցով Վաշինգտոն ժամանել էր հեռավոր 1992 թվականի մայիսին`բանակցություններ անցկացնելով ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի հետ: Ի դեպ՝ թե՛ Թրամփը և թե՛ Նազարբաևը հատուկ ընդգծել են, որ Ղազախստանի անկախությունն առաջինը ճանաչել է հենց Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ավելի քան քառորդ դար է, ինչ ԱՄՆ-ն դիտարկում է ուժեղ, ինքնիշխան և անկախ ղազախական պետությունը որպես Կենտրոնական Ասիայում գտնվող բարեկամ երկիր և ռազմավարական գործընկեր:
Ընդգծենք, որ ամերիկյան ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը 90-ականներից ի վեր գերազանցել է 50 միլիարդ դոլարի ցուցանիշը:
Այս պահին հայտնի է կողմերի միջև շուրջ 2․5 միլիարդ դոլարի արդեն իսկ կնքված գործարքների մասին: Ղազախական երկու ավիաընկերությունները` SCAT-ը և Air Astana-ն, 1 միլիարդ 300 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ նորագույն օդանավեր ձեռք կբերեն Boeing ընկերությունից:
Ղազախական կողմը նաև պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը մեկ այլ առաջատար ամերիկյան ընկերության` General Electric-ի հետ, որից Աստանան առաջիկայում 300 երկաթուղային լոկոմոտիվ կգնի` 900 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ:
Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում Թրամփն ու Նազարբաևն ակտիվորեն քննարկում էին նաև մի շարք տարածաշրջանային թեմաներ, մասնավորաբար՝ Աֆղանստանում ստեղծված կացությունն ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ապագան: