Հայաստանի չորրորդ նախագահի վերաբերյալ գործող նախագահի պատկերացումները գուցե անակնկալի են բերել վերջինիս շրջապատին ու մասամբ էլ՝ քաղաքական շրջանակներին, որովհետև ի հեճուկս պատկերացումների՝ ամենայն հավանականությամբ Սարգսյանը կշարունակի իր սպասողական քաղաքականությունն ու անունները դեռ գաղտնի կպահի շրջապատից։ Ավելի ճիշտ՝ ոչ թե անունները (դրանք վաղուց կան), այլ կոնկրետ թեկնածուին։ Բնավորության համաձայն՝ նա միանգամից չի ասում, ձգձգում է, շոշափում ոչ միայն հասարակական, այլև յուր շրջանակի տրամադրությունները, արձագանքները, նոր միայն վերջում կասի, թե ով է։ Ակնհայտ է նաև, որ ապագա նախագահի հատկանիշների վերաբերյալ գործող նախագահի դատողություններն էլ ավելի են շատացնում ինտրիգը։ Սարգսյանն, ըստ էության, նշել է բնավորության ու մասնագիտական այնպիսի գծեր, որոնցից ինքն անձամբ զուրկ է․ լեզուների իմացությամբ նա չի փայլում, քաղաքականության մեջ է գրեթե ողջ գիտակցական կյանքի ընթացքում, հայաստանյան հասարակության համար նա այդպես էլ մնաց չհասկացված, դեպրեսիվ, անկանխատեսելի քաղաքական գործիչ, դե իսկ սփյուռքում, ինչպես վերջին համաժողովը ցույց տվեց, նա կորցրել է վստահությունը։ Արդյոք սրանով Սարգսյանը մի տեսակ մեղքերի թողություն կամ սխալների ուղղում է փորձում կատարել, մանավանդ որ առհասարակ նախագահի ինստիտուտը Հայաստանում հասարակական ընկալումներում որպես վառ անհատականություն, խարիզմատիկ ու ինտելեկտուալ կատեգորիաներում վաղուց չի ընկալվում։ Միևնույն ժամանակ, նա իսկապես կարևորում է նախագահի դերը գալիք պառլամենտական կառուցվածքում։ Ի հեճուկս սահմանադրությամբ ամրագրված սահմանափակ ֆունկցիաների՝ Սարգսյանը վերջին երկու շաբաթում ինտենսիվորեն զբաղված է ընդգծելով նախագահի դերը մասնակցության վերաբերյալ ինտենսիվ քննարկումներով։ Դեռ, իհարկե, հայտնի չէ, թե որտեղ է լինելու հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, սակայն պարզ է՝ որտեղ էլ որ լինի, նախագահը նրա համար որոշումների կայացման, քաղաքական կյանքի մասնակցության առումով վստահելի ու կարևոր ֆիգուր պետք է լինի, որպեսզի վերջինս կարողանա ավարտին հասցնել էլիտայի վերաձևակերպման ծանրագույն գործընթացը, որը ապրիլի 9-ից հետո նոր միայն սկսվելու է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: