Արդեն մի քանի օր է, որ մամուլում լուր է շրջանառվում, թե ռուսական ինչ-որ հակակոռուպցիոն ՀԿ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել ՌԴ դատախազություն: Այս կապակցությամբ 2rd.am կայքը դիմել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` պարզաբանումներ տալու խնդրանքով: Մեր հարցին ի պատասխան, Վիկտոր Սողոմոնյանը հեռախոսով պատասխանել է հետևյալը.

«Ես միայն նախօրեին եմ ծանոթացել այդ «ցնցող» լուրին: Անկեղծ ասած, մինչև հիմա էլ չգիտեմ. արդյո՞ք արժե արձագանքել դրան, որովետև այս աստիճանի հիմարության հազվադեպ կարելի է հանդիպել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը, ակամա ծիծաղում ես: Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ որևէ քաղաքացի այսպես կոչված «ստացման հաստատումով» նամակ գրի ՀՀ դատախազությանը՝ պահանջելով գործ հարուցել որևէ այլ պետության նախկին նախագահի, ասենք՝ Ջորջ Բուշի դեմ: Հետո, երբ նրան փոստով կառաքեն ստացման հաստատումը, հայտարարի, թե Բուշի գործերը քննվում են ՀՀ դատախազությունում: Ես հոգեբույժ չեմ և կարող եմ միայն ենթադրել, թե ինչ է կատարվում այդ քաղաքացու գլխում: Ցավոք, նույնը վերաբերում է այն սակավաթիվ լրագրողներին և քաղաքական գործիչներին, որոնք ամենայն լրջությամբ վերլուծում են այս լուրը ու հանգում «ցնցող» եզրակացությունների: 

Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ այսպես կոչված «կոմպրոմատի» երկար տարիներ տևող անարդյունք փնտրտուքը ստիպում է ոմանց պրիմիտիվ հնարքներ բանեցնել ու նման տխմարություններ հորինել: Ցավալի է սակայն, որ մեզանում գնալով ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել