Իմ կարծիքով, ավագանու այս ընտրությունները լինելու են բացառիկ այն առումով, որ դրանց արդյունքներից դժգոհ են մնալու անխտիր բոլոր կողմերը՝ դիմությունն էլ, ընդդիմությունն էլ, ժողովուրդն էլ: Սակայն մեդալն ունի երկու կողմ, որովհետև նույն այս հետևանքի պատճառով սկսվելու է անհատ օլիգարխների դարաշրջանի մայրամուտը: Բացատրեմ, թե ինչու:
Արդեն իսկ ակնհայտ է, որ տարուց ավել ձգվող այս նախընտրական գործընթացներով հագեցած ժամանակահատվածում ընտրազանգվածի մոտ արդեն ֆրուստրացիա է սկսվել, և ընտրազանգվածի գերակա մասը վճռականորեն հակված չէ հավատալու որևէ ուժի: Սա բերելու է նրան, որ ընտրություններին ցածր ակտիվություն է լինելու, և կտրուկ բարձրանալու է ընտրակաշառքի դերը: Նախագահական ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ եթե ընտրակաշառք չի բաժանվում կամ քիչ է բաժանվում, դրանց արդեն սովորած ընտրազանգվածի հատվածը ընկալում է դա որպես խարդախություն իրենց նկատմամբ ու պատրաստ է քվեարկել այնպես, որ վնասի իրեն «քցողներին», այդ իսկ պատճառով, ենթադրում եմ, որ այս ընտրություններին կլինի աննախադեպ ընտրակաշառքային ակտիվություն:
Մյուս կողմից, առնվազն 4 քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության և ՀԱԿ-ի համար ավագանու ընտրություններն ունեն սկզբունքային նշանակություն, որովհետև նախագահական ընտրությունները խառնեցին քաղաքական տորթի բաժինները, ու հիմա այդ ուժերը խնդիր ունեն վերկանգնելու/պահելու իրենց բաժինը:
Բայց կա մեկ էական առանձնահատկություն նախագահական ընտրությունների համեմատ․ եթե նախագահականին ՀՀԿ-ն մրցակցությունից դուրս էր առկա նյութական ու ադմինիստրատիվ ռեսուրսներով, ինչի հաշվին էլ հնարավոր եղավ խուսափել խայտառակ ֆիասկոյից, ապա այս ընտրություններին ՀՀԿ-ին հակազդում է ԲՀԿ-ն, որը բնավ էլ չի զիջում նրան ֆինանսական ռեսուրսներով, իսկ զուտ ադմինիստրատիվ ռեսուրսների զիջումը կոմպենսացնում է այլընտրանքային լծակներով՝ կիսագողական ու թաղային դեմքերով (որից, ի դեպ, ՀՀԿ-ն էլ չի խորշում):
Ըստ այդմ, արդեն իսկ դաշտ է հանվում կուսակցությունների ծանր հրետանին՝ ի դեմս տարբեր տրամաչափի օլիգարխների, որոնք փորձում են տարիներ շարունակ աշխատած սցենարով կատարել իրենց վրա դրված աշխատանքը: Օրինակ՝ թերթերից մեկի տվյալներով՝ Մալաթիայում Ալեքսանյան Սամվելը թաղեթաղ ընկած պլան է դնում ու անհատական «բարեգործություններ է» անում: Այլ համայնքներում էլ վիճակը էականորեն չի տարբերվում, բայց մենք էլի բախվում ենք ներգրավված ուժեղ ուժերի ոչ ադեկվատությանը, որը արտահայտվում է նրանով, որ նրանք չեն գիտակցում, որ իրենց վարկանիշի անկման գլխավոր պատճառներից մեկը հենց ալեքսանյանատիպ օլիգարխիկ անհատականություններն են ու իրենց առկայությունը ընտրազանգվածի տեսադաշտում միայն կատալիզացնում է ժողովրդի դժգոհությունը:
Այնպես որ, ես հակված եմ այն կարծիքին, որ ընտրությունները կպահանջեն կոլոսալ ֆինանսական ռեսուրսներ բոլորից, բայց ոչ ոք չի ստանա իր ակնկալած արդյունքները՝ ոչ նրանք, ովքեր այդ ռեսուրսներով ուզում են ձայն փախցնել մյուսներից, ոչ էլ նրանք, ովքեր ավելի համեստ ռեսուրսներով փորձելու են պահել իրենց ձայները: Ինչ վերաբերում է օլիգգարխներին, աա նրանք չեն կարողանա արդարացնել իրենց վերադասերի կողմից դրված պլանները, չնայած որ փող ու ջանք չեն խնայի, ինչը կբերի նրան, որ մեծ հավանականությամբ արդեն մյուս ընտրություններին մենք այլևս ականատես չենք լինի «օլիգարխ-ձայնահավաք» երևույթին, համենայն դեպս այսպիսի մասշտաբներով ու այսպիսի դերակատարությամբ: Իսկ եթե օլիգարխը էլի չի կարողանում միանձնյա լուծել այս խնդիրը, ապա կորում է նրա անհրաժեշտությունը և ավելի նպատակահարար է դառնում ունենալ մի քանի ավելի մանր ու ավելի հեշտ կառավարվող և քիչ տեսանելի օլիգարխիկներ՝ անհատ ու հակասական դեր խաղացող մեծ օլիգարխների փոխարեն:



