Այսօր ոստիկանությունը լուր տարածեց այն մասին, որ պատժվել են նախօրեին լրագրողի դեմ բռնություն կատարված տեղանքում հերթապահող ոստիկանները, ու որևէ լուր չկա այն մասին, որ պատժվել են բուն բռնություն կատարածները: Իհարկե, վատ չէ, որ ոստիկանապետը զգոն է իր աշխատակիցների նկատմամբ, սակայն ավելի էֆեկտիվ կլիներ, եթե ոչ թե ոստիկաններին պատժեին, այլ նրանց թույլատրեին պայքարել հանցագործների ու թաղային խուժանի դեմ, որոնք հովանավորվում են ՀՀԿ-ի կողմից, ու այդ դեպքում, համոզված եմ, ՆԳՆ-ում այնքան արհեստավարժ ու ազնիվ ոստիկաններ կան, որ մի քանի օրում Հայաստանը ամբողջությամբ կմաքրվի կրիմինալից: Հավատացնում եմ ձեզ՝ ՆԳ համակարգում աշխատող ոստիկանների մեծամասնությունը օր ու գիշեր աշխատում է, որ հանցագործներ բռնի ու նրա համար հազարապատիկ ավելի վիրավորական է, որ բռնված հանցագործները, ՀՀԿ-ից ստացված զանգերի արդյունքում, անմիջապես հայտնվում են ազատության մեջ, ու ոստիկանների ամիսներով կատարած աշխատանքը գնում է ջուրը: Հավատացնում եմ ձեզ՝ համակարգում ազնիվ աշխատող ցանկացած ոստիկան իրեն նվաստացած է զգում, որ ինքը տասնյակ տարիներ իր կյանքը վտանգելով ծառայել է երկրին, իսկ այժմ ծայրը ծայրին հազիվ է հասցնում, իսկ Տարոն Մարգարյանը ու իր շրջապատը, որևէ բան չանելով, միլիոնատերեր են դարձել, դեռ ավելին՝ իրենց քրեական օրենքները փորձում են թելադրել ոստիկանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել