Կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ը (որը ուզում եք՝ հասկացեք, տարբերություն չկա) բոլորի ձեռքին կարող է խամաճիկ դառնալ, միայն թե օգտագործող լինի։ Հիշեցի մկների ու բվեճի մասին հեքիաթը։ «Լինում են՝ չեն լինում, մկներ են լինում։ Պստլիկ, մոխրագույն, սոված, վախեցած։ Նրանց դեմ թակարդներ էին լարում, թունավորում, ամեն տեղից քշում, կատուներն էին նրանց որոնում։ Մի խոսքով՝ վատ էին ապրում։ Ու որոշեցին մկները արմատապես փոխել իրենց կյանքը։ Բայց ինչպե՞ս։ Պատասխանի որոնումներով վազեցին մկները բվեճի մոտ (գլխի ընկաք չէ՞, թե ում նկատի ունեմ)։ Ճիշտ է, սարսափում են. բվեճն ախր հեղինակավոր թռչուն է, մանրուքներով չի զբաղվում։ Բայց վազում են։ Հասան, թակեցին դուռն ու ճստճստում են խղճալի ձայներով. «Վա՜տ է, վա՜տ է մեր՝ մկնիկներիս վիճակը։ Ե՛ւ մրսում ենք, ե՛ւ սոված ենք, ե՛ւ թակարդներ են դնում։ Թե ոնց ենք ապրելու՝ չգիտենք»:
Նայեց նրանց բվեճը վերից վար ու ասաց. «Հարկավոր է ձեզ՝ մկնիկներիդ, ոզնիկներ դառնալ»։ Ու փակեց պատուհանների վարագույրները։ Ուրախացան մկնիկները, թաթիկներով թփթփացրին իրենց ճակատներին. դե իհա՜րկե, ոզնիկներ, ո՞նց իրենք գլխի չէին ընկել։ Վազում են մկնիկները տուն՝ գոհ, երջանիկ։ Հասան իրենց ծակուռներին. վա՜յ։ Իսկ այդ ինչպե՞ս. ոզնիկներ։ Ախր մոռացան հարցնել, թե ինչպես դառնալ ոզնիկներ։
Անհարմար է, բայց ինչ արած. հետ են վազում բվեճի մոտ։ Ծվծվում են. «Բվե՜ճ, բվե՜ճ, իսկ այդ ինչպե՞ս դառնանք ոզնիկներ»։ Բարկացավ բվեճը հիմար, կպչուն մկնիկների վրա. «Ինձ այդ մանրուքները չեն հետաքրքրում, ես այստեղ նստած ռազմավարությա՛մբ եմ զբաղվում»: Այս իրավիճակը բավականին ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:
Հիմա ավելի լուրջ: ՀԱԿ-ի ծրագրերը նորից փոխվել են, հիմա այս կառույցը նորից գտնում է, որ ռեժիմին տապալելու համար կարելի է հենվել հենց նույն «ռեժիմի հիմնասյուների» վրա, ինչպիսին ՀԱԿ-ը ժամանակին համարում էր Քոչարյանին եւ Ծառուկյանին:
Հանրությունը անցած տարիներին, բնականաբար, հետեւել է Տեր-Պետրոսյանի աստիճանաբար մարող ու մեռնող «գործունեությանը», ինչպես նաև անգործությանը, ու այնպես չէ, թե հիմա էլ անհամբեր սպասում է, թե ինչ է ասելու կամ անելու Տեր-Պետրոսյանը թաքստոցից դուրս գալուց հետո: Պարերի նոր տեսակներ է սովորել, թե իշխանությունների հետ երկխոսելու բեմականացման նոր սցենար է գրել, կամ ավազակապետությունը կազմաքանդելու դարի նախագիծն է ձեռք գցել: Եվ դրանք տեսնելուց հետո հանրությունը պետք է ալեկոծվի:
Տեր-Պետրոսյանը վերջին 5 տարիների ընթացքում իրեն ճիշտ և ճիշտ արմատական ընդդիմության առաջնորդի պես պահեց` ՀԱԿ-ը գժտվեց գրեթե բոլոր կուսակցությունների հետ «ով մեզ հետ չէ, ուրեմն ազգի դավաճանա» կարգախոսի շրջանակներում, կոնգրեսը հասցրեց երկխոսել իշխանության հետ, իսկ նրա առաջնորդն էլ համագործակցության առաջարկ արեց «ռեժիմի հիմնասյուներից եւ մարտի 1-ի գլխավոր մեղավորներից» մեկին` ԲՀԿ-ին: Նույն Տեր-Պետրոսյանն արդեն շուրջ երկու տարի աղերսում է ԲՀԿ-ին, որ վերջինս իրեն օգտագործի որպես գործիք:
Իսկ հանրության համար նա այլեւս եղած-չեղած մի հաշիվ ա, քանի որ նրա «քաղաքագիտական վերլուծությունից» հետո ոչ միայն զինակիցներն ու ակտիվիստների մեծ բանակը, որոնք լքեցին ՀԱԿ-ը, այլեւ հանրությունն այլեւս որեւէ ակնկալիք չունի Տեր-Պետրոսյանից:
«ՀԱԿ-ը արմատական ընդդիմության համաշխարհային դասական նմուշ է»: Չէ՞ որ միայն իսկական ընդդիմությունը կարող էր շատ արագ նման «էվոլյուցիա» ապրել, ՀԱԿմեջ լինել, իրենց բնորոշմամբ եռանիշ թվով արտահայտված «համաժողովրդական» վստահության պայմաններում խորհրդարանական ընտրություններում հավաքել ոչ ավել, ոչ պակաս 7 ու մի պուճուր պոչ ավել տոկոս վստահության քվե: Դա դեռ հարց էլ ա, թե էն 1500 ձայնի համար, որը ապահովեց անցողիկ շեմ, ՀԱԿ-ը հատկապես ում պետք ա ղուրբան լինի: ՀԱԿ-ի` մի կերպ հավաքած 7 տոկոս ձայնը ժողովրդի գնահատականն էր այդ միավորման և նրա առաջնորդի այս տարիների անփառունակ գործունեությանը: Բայց դասեր չքաղելով ամենից` ՀԱԿ-ը շարունակում է իր «հաղթարշավը», որն արդեն այդ ուժին տանում է «քաղաքական աղբանոց»:
Համաշխարհային քաղաքական պատմության մեջ շուտով կմտնեք որպես «քաղաքական աղբանոցի» ենթակա եզակի և դասական էկզեմպլյառ: Դե ուրեմն` բարի ճանապարհ….



