Այս տարի ևս Ցեղասպանության զոհերի հիշատակի խնկարկման օրը Հայոց ցեղասպանության, դրա միջազգային ճանաչման ու դատապարտման, հետևանքների վերացման շուրջ հրապարակումների, ելույթների, հին ու նոր ասելիքի, մոտեցումների շարադրման պակաս չկար: 

Այս տարի էլ Ապրիլի 24-ը, որն արդեն մի քանի տասնամյակ համազգային համերաշխության յուրահատուկ խորհուրդ է ձեռք բերել, առիթ դարձավ քաղաքական որոշ շրջանակների համար՝ թարմացնելու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահ Սարգսյանին ուղղված հին մեղադրանքները, թե իբրև Հայաստան-Թուրքիա արձանագրային գործընթացի արդյունքում Թուրքիան ստացավ շահեկան դիրքեր՝ կապված «պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծմանը համաձայնություն տալու հետ»: 

1997 թ, երբ Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող էի, ֆակուլտետի պրոֆեսուրայի և հետաքրքրված ուսանողության շրջանում առավել քննարկվող խնդիրը, հավանաբար, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի դատողությունն էր, աղմկահարույց հարցադրումն էր պատմության, պատմագիտության գիտականության վերաբերյալ: Ակադեմիական ու բուհական պատմագիտական հանրությունը գրեթե միաձայն և բարձրաձայն (ինչն օրինակելի էր՝ մտավորականությունը պետք է անկաշկանդ իր տեսակետը հայտնի այս կամ այն հարցի վերաբերյալ) իր մասնագիտական անհամաձայնությունն էր հայտնում գործող նախագահի կողմից պատմության գիտականությունը հարցականի տակ դնող դատողությանը: Հանուն ճշմարտության, սակայն, պետք է ընդունել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ այնքան կասկածի տակ էր առնում պատմության գիտականությունը, որքան ակնարկում էր, որ պատմության ընթացքում լինում են դեպքեր, զարգացումներ, գործընթացներ, որոնց վերաբերյալ ողջ ճշմարտությունը չի կարող հասու լինել նույնիսկ ամենախորաթափանց պատմաբանին, հետազոտողին, քանի դեռ նա անձամբ չի մասնակցել այդ պատմության արարմանը: 

Մի կողմ դնենք ճշմարտությունը, որ հայկական կողմը երբեք ու որևէ փաստաթղթով, այդ թվում և Ցյուրիխյան արձանագրություններով իր համաձայնությունը չի տվել հայ ու թուրք պատմաբաններից կազմված համատեղ հանձնաժողովի ստեղծմանը, որը կքննարկի Հայոց ցեղասպանության եղելությունը: Մի կողմ դնենք այն ճչացող իրականությունը, որ նման փաստի առկայության պարագայում, վստահ եմ, թուրքական մեջլիսը արդեն 1000 անգամ վավերացրած կլիներ այդ արձանագրությունները: Մի կողմ դնենք նաև սևով սպիտակի վրա արված այն պարզ շարադրանքը, որտեղ բնութագրվում է միջկառավարական ենթադրվող հանձնաժողովի այդքան շահարկվող ենթահանձնաժողովներից մեկի առաքելությունը (ի միջի այլոց, արձանագրությունների հենց այդ հատվածին վերաբերող շարադրանքն էր նաև թուրքական ընդդիմության կողմից թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանքների առանցքը, բնականաբար երկու երկրներում էլ իշխանություններին մեղադրելով զիջողականության մեջ): Ամենակարևորը, մի կողմ դնենք նաև այն անվիճարկելի իրողությունը, որ եթե, Աստված մի արասցե, մի օր մեր երկրի անունից նման փաստաթուղթ ստորագրվի էլ, որով նախատեսվի հայ ու թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծում՝ քննարկելու, թե արդյո՞ք եղել է Ցեղասպանություն, թե՝ ոչ, այդ թուղթը ավելի մեծ արժեք, քան անձեռոցիկն է, ունենալ չի կարող: Ուղղակի չի կարող: 

Դեպքերի ու հանգամանքների բերումով, հայ-թուրքական արձանագրային գործընթացի շրջանում, ինչպես ինձ ճանաչողները գիտեն, եղել եմ նախագահ Սարգսյանի մամլո խոսնակը՝ աշխատանքի բերումով մասնակցություն ունենալով շատուշատ հանդիպումների ու քննարկումների: Իմ որոշ գործընկերներ նաև գիտեն, որ երազում եմ այն ազատ ժամանակի ու հնարավորության մասին՝ ապագայում մեմուարների կամ այլ ժանրում շարադրելու գործընթացի վերաբերյալ այն ճշմարտությունը, որին ես ականատես եմ եղել, այն ճշմարտությունը, որ ես եմ տեսել ու մասնակից եմ դարձել:

Ու, վստահաբար, ինձ ճանաչող հատուկենտ մարդկանց կարող է համոզիչ թվալ, որ նման մտադրության ակունքը, որքան էլ պարադոքսալ թվա, Լևոն Տեր-Պետրոսյանի վերը հիշատակված հայտնի դատողությունն է. քաղաքական պատմության շատուշատ ելևէջներ, հանգամանքներ, երբեմն, իսկապես, մնում են առանձին մարդկանց հիշողության մեջ՝ այդպես էլ չդառնալով ապագայի, պատմագիտության սեփականությունը: 

Առավել քան վստահ եմ, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, գուցեև, առավել քան որևէ մեկը, ԳԻՏԻ ողջ ճշմարտությունը Հայաստան-Թուրքիա արձանագրային գործընթացի մասին: ԳԻՏԻ, բայց հանդես է գալիս հակառակ դիրքերից, որովհետև խոսում է քաղաքական գործիչը, ոչ թե պատմագիտության դոկտորը: Ափսո՜ս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել