Երեք րոպե եմ տալիս, որ զանգեք մորս ու ներողություն խնդրեք. պատգամավորը սպառնացել է Մոսկվայի տան տնօրենինԱզգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը Երևանում Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանից դիմում է ստացել, որպեսզի հանձնաժողովի անդամները քննեն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը:

Ինչպես որոշ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով տեղի ունեցածը նշել է Մոսկվայի տան տնօրենը, Նաիրա Կարապետյանը պատգամավորին ոչ վայել վարք է դրսևորել։ Խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ կրթաթոշակ սահմանելու համար Գյումրիի համալսարանից հոգաբարձուների խորհրդի անդամ է պահանջվել, ով պետք է լիներ կամ ռուսերենի մասնագետ, կամ փոխդեկան։ Հոգաբարձուների խորհրդի անդամը պետք է ներկայացնի տվյալ ուսումնական հաստատությունից կրթաթոշակ ստացող ուսանողին։ Այս հարցով, համալսարանի դեկանի հետ զրուցելուց հետո, Արմինե Թյությունջյանն առնչվել է ոմն Գայանեի հետ, ում նա խնդրել է անպայման ներկայացնել անդամին, ով պետք է ներկա գտնվեր մեկ օր անց կայանալիք Հոգաբարձուների խորհրդի նիստին ու կրթաթոշակ ստացողին։

Ինչպես հետագայում պարզվում է, Ա. Թյությունջյանի կին զրուցակիցը ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրն էր։

Խոսակցությունից որոշ ժամանակ անց Ա. Թյությունջյանի հեռախոսին զանգ է գալիս։ Զրուցակցի ձայնն ընդհատվում էր, ինչպես հաճախ է լինում բջջայիններով խոսելիս, ու Ա. Թյությունջյանն ասում է այդ մասին զրուցակցին։

«Երբ ես դա ասացի, արդեն իսկ դրանից նյարդայնացած ինձ ասացին, դուք նեղացրել եք մորս։ Ես հակադարձեցի, հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ անվայել տոնով զրուցած լինել այդ կնոջ հետ, ինչին հետևեց՝ «Այդ կնոջ չէ, այդ հարգարժան կնոջ հետ» պատասխանը։ Ինձ ասացին՝ «Դուք հենց հիմա կզանգահարեք մորս ու ներողություն կխնդրեք նրանից», ես էլ նշեցի, որ բավական պատկառելի տարիքով կին եմ, բայց, չնայած դրան, եթե իսկապես սխալ եմ եղել, կզանգեմ ու կպարզեմ, թե ինչ է եղել։ Ինձ հակադարձեցին՝ «Ախ դուք դեռ պարզաբանումնե՞ր եք անելու, դուք ո՞վ եք, որ որոշեք, թե ով է լինելու հոգաբարձուների խորհրդի անդամը։ Երեք րոպե եմ տալիս, որ զանգեք մորս ու ներողություն խնդրեք, ես սա այսպես չեմ թողնի»։ Կներեք, բայց ես էլ ինքնասիրություն ունեմ, ասացի՝ դա ձեր իրավունքն է։ Դրանից հետո չենք շարունակել»,– պատմել է Ա. Թյությունջյանն ու նշել, որ մյուս օրն ինքը որոշեց դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով։

Նրա խոսքերով, դեռ ոչ ոք իր հետ այդպես չէր խոսել, ինքը շատ վիրավորված է ու երբ դիմում էր ԱԺ էթիկայի հանձնաժողով, չէր կարծում, որ գործը մեծ հնչեղություն կստանար.

«Վստահ էի, որ հարցը պետք է այնտեղ լուծվեր, առանց ԶԼՄ–ներին հասնելու, բայց երբ տեսա Նաիրա Կարապետյանի պատասխանն իմ հայցադիմումին, այժմ ստիպված եմ պատմել մանրամասները։ Ես մինչև վերջին պահը չէի հավատում, որ խոսողը պատգամավոր է, չէի հավատում, որ պատգամավորը կարող է այդպես խոսել»։

Ա. Թյությունջյանը նշել է, որ ինքը փորձել է գտնել խոսակցության ձայնագրությունը, բայց դա իրեն չի հաջողվել, այլապես ինքը ստիպված չէր լինի այդ ամենը պատմել։

Նա նաև ընդգծել է, որ ընդամենը ակնկալում է, որ Նաիրա Կարապետյանի հետ կզրուցեն, կբացատրեն, որ նա մարդկանց հետ այդպես չխոսի. «Չեմ ուզում ո՛չ նրան տեսնել, ո՛չ էլ որ ներողություն խնդրի ինձանից։ Ես անչափ վիրավորված եմ»։

Հիշեցնենք, որ ի պատասխան հայցադիմումի մասին տեղեկատվության տարածման, Նաիրա Կարապետյանն ասել էր.

«Շատ ցավում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվություն և սադրանք տարածելով, սակայն ուրախ եմ, որ նա, այնուամենայնիվ, դիմել է ոչ թե այն ոճին և տոնայնությանը, որով ինձ հետ էր խոսում, այլ՝ էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովն է այն մարմինը, որը կոչված է նման իրավիճակները պարզաբանելու և հանրությանը իրականությունը ներկայացնելու»։

Բացի այդ, նա ցանկություն է հայտնել, որ տվյալ հարցով հանձնաժողովի նիստն անցկացվի դռնբաց, որ բոլորին պարզ լինի, թե իրականում ինչ է կատարվել: 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել