Ընդունված է մտածել, որ մեզանից շատերը անհատականություն են` ընդունակ մտածելու, զգալու և գործելու ազատ` իրենց կամքով: Ամեն մեկն անկեղծորեն համոզված է, որ ինքն «ինքն» է և, որ իր մտքերը, զգացմունքներն ու ցանկություններն իսկապես «իրեն» են պատկանում:
Մարդու մոտ կարող են առկա լինել մտքեր, զգացմունքներ, ցանկություններ ու զգացումներ, որոնք նա սուբյեկտիվորեն ընկալում և ըմբռնում է, որպես իր սեփականը, բայց, առավել հաճախ, դրանք այդքան էլ սեփական չեն լինում: Մարդն իսկապես զգում է այդ զգացումներն ու ապրում հույզերը, բայց դրանք կարող են կապված լինել կողքից, լինել օտար տվյալ մարդուն և մի ընդհանուր բան չունենալ նրա սեփական մտքերի և զգացումների հետ: Դա վերաբերում է ոչ միայն մեր մտքերին և զգացումներին, այլ նաև ցանկություններին: Մարդկանց մեծամասնությունը հավատացած է, որ եթե իրենց չի ստիպում ինչ-որ արտաքին ուժ, այդ ժամանակ իրենց որոշումներն իրենց սեփական որոշումներն են, և եթե նրանք ինչ-որ բան ուզում են, դա իրենց սեփական ցանկություներն են: Այդպիսի պատկերացումը սեփական անձի մասին ամենամեծ պատրանքներից մեկն է: Իրականում, մարդու ցանկությունների մեծ մասը կապված է նրան կողքից. մարդուն հաջողվում է համոզել ինքն իրեն, թե ինքն է ընդունել որոշումը, երբ իրականում նա հարմարվում է շրջապատի ցանկություններին` վախենալով միայնությունից և ավելի մեծ ու լուրջ վնասներից, սպասվող կյանքից:
Ընդհանրապես ընդունված է մտածել, որ մարդիկ ամուսնանում են սեփական ցանկությամբ. իհարկե, լինում են դեպքեր, երբ ամուսնանում են գիտակցված, իրոք սիրելով, իսկ երբեմն էլ` պարտքի զգացումից կամ պարտականության դեպքում: Քիչ չեն նաև այնպիսի դեպքերը, երբ մարդը գիտակցորեն գտնում է, որ «ուզում» է ամուսնանալ, բայց իրականությունն այնպիսին է, որ նա ընկել է մի ուղու վրա, որը հաստատ տանում է դեպի ամուսնություն` չթողնելով ոչ մի ուրիշ հնար և տարբերակ: Դեպի ամուսնություն տանող ամիսների ընթացքում նա հաստատ համոզված է, որ ինքն «ուզում» է ամուսնանալ, և առաջին ուշացած հուշումը, որ դա կարող է այդպես չլինել, առաջ է գալիս միայն հարսանիքի օրը. մարդու մոտ կարող է առաջանալ փախչելու ցանկություն: Եթե նա «առողջամիտ» մարդ է, ապա այդ զգացումը տևում է ընդամենը հաշված րոպեներ, իսկ այն հարցին` իսկապե՞ս ուզում ես ամուսնանալ, նա առանց տատանվելու, համոզված պատասխանում է. «այո»:
Այդպես սխալը թույլ է տրվում, ինչի համար էլ հետագայում մարդը սկսում է ինքն իրեն մեղադրել, որ այդ պահին հետ չկանգնեց. չէ՞ որ ինքը զգում էր, հասկացել էր: Այնուհետև հաջորդում է ամուսնալուծությունը և կյանքի մեծ դասը: Մարդը պետք է շարժվի իր սրտով, իր իսկ մտածածով, որովհետև ինքն է իր կյանքի գլխավոր հերոսը, մեկ կյանք է ապրում, պետք է ապրել իրոք սիրելով և սիրված լինելով, ու, ամենակարևորը, միևնույն սխալը չկրկնելով:
Մարդիկ հաճախ սիրում են վազել ընդունված ճշմարտությունների ետևից, սակայն դժվար է պատկերացնել մի մարդու, որն ճիշտ է ամեն ինչում: Ի՞նչ է ճշմարտությունը. դա ամեն մի մարդու համար այն է, ինչը համարվում է ճիշտ: Մարդը ինքն է որոշում ճիշտը` հիմնվելով ներքին և արտաքին երևույթների վրա: Արտաքինը կարող են լինել ավտորիտար անձինք` օրինակ՝ ծնողները, ուսուցիչը և այլն, ներքին` մարդու համոզմունքները, արժեքները, իրեն գիտակցումը` որպես անձ, ներքին ձայնը` հիմնված ներքին փորձի վրա, որոշակի կյանքի նպատակները, որոնք դնում է իր առջև և այլն:
Ամեն մի իրադրությունում մարդը կատարում է ամենալավ ընտրությունը այն բոլորի միջից, որը նա կարող է պատկերացնել այդ պահին: Մարդու համար կարևոր է գիտակցել այն, որ իր արարքը, որն հիմա մնացել է անցյալում, իրականում չի համարվում կյանքի սխալ, այլ հետևանքն էր իր նեղ աշխարհայացքի, կյանքի փորձի, դա միայն հետևանքն էր տարրական շփոթության և ինֆորմացիայի պակասի: Հնարավոր է այդ խնդրի հասկացումը բերի նրան, որ անձը ինքն իրեն օգնելու և այդպիսի սխալներից հեռու մնալու համար ապագայում հասկանա, որ պետք է մեծացնի իր աշխարհայացքը, ուշադրություն դարձնի այն հնարավորությունների վրա, որոնք հիմա կան, ոչ միայն տվյալ պահի համար, այլ նաև` ապագայում ինչի կբերի այն: Անցյալից պետք է բաժանվել` վերցնելով նրանից կարևորն ու արժեքավորը, որպեսզի նորից չսովորենք, այլ ունենանք փորձ:
Արդեն այն, որ մարդը գիտակցում է, թե որտեղ էր սխալվել, նրան ապահովագրում է ապագայում շատ սխալներ գործելուց: