Հայ իրականության մեջ վերջին շրջանում յուրահատուկ բնույթ է ստացել այս կամ այն օլիգարխի կամ չինովնիկի զավակի մասնակցությամբ որևէ աղմկահարույց միջադեպ կամ ավելի լուրջ պատահարներ, որոնք վերջին հաշվով կամ կոծկվում են, կամ ուղղակի դրանք դասվում են անպատժելիների շարքին:

Օրերս ականատես եղանք հերթական նմանօրինակ պատահարի: Հունվարի 8-ի գիշերն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ տեղեկությունների` BMW X 6-ի վարորդը հարվածել է Տոյոտային, որի հետևանքով պետավտոտեսուչներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում է եղել: BMW X 6-ի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական և ռուսական, իսկ նշված ավտոմեքենան վարել է հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճըվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը օրեր առաջ է երեխա ունեցել: Մահացած Ա. Դավթյանն ու վիրավոր Խ. Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում:

Ըստ էության, անկախ այն բանից, թե ինչ քաղաքական կամ քրեական «կշիռ» ունի վերոնշյալ ստահակը, պետք է պատժվի` կրի կոնկրետ պատասխանատվություն, ու սա պետք է լինի հասարակական պահանջ, քանի որ դա արդեն ստանում է սիստեմատիկ բնույթ: Ոստիկանների կյանք խլած ճիվաղը փաստացի դարձել է հանրության համար պատուհաս, ու սա այն պատճառով, քանի որ իր կատարած հերթական «քաջագործության» համար զանգում են վերևներից` քավոր-սանիկական թայֆից:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:  

Հ.գ. Հուսանք՝ լայն հարթակում այսքան քննարկված թեման և երկու անմեղ զոհերն այս անգամ կստիպեն քննչական կոմիտեի աշխատակիցներին համապատասխան հոդվածի կիրառմամբ պատժել «անպատիժ» Սաքուլիկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել