Նախորդ տարեվերջին և այս տարվա սկզբին համաշխարհային լրատվականների ուշադրության կենտրոնում Իրանում ընթացող լուրջ գործընթացներն էին, որոնք, հնարավոր է փոխեն տարածաշրջանային քաղաքական վեկտորը:

 

Դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, Մաշհադում, Սպահանում, անցկացվում են հակակառավարական ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանների հետ բախման հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ։

 

Իրանում այս օրերին տեղի ունեցող ցույցերի պատճառը երկրի սոցիալական վիճակն է: Իրականում սխալ քաղաքականություն են վարել իրանական պետական լրատվականները, որոնք ի սկզբանե օբյեկտիվորեն չեն լուսաբանել ցույցերը, ինչը հանգեցրել է թե՛ ներսից, թե՛ դրսից միջամտություններին և այդ ցույցերին քաղաքական բնույթ հաղորդելուն: Նախագահ Ռոհանիի մոտ կանգնած լրատվամիջոցները քննադատում էին պետական, ազգային ռադիո-հեռուստաընկերությանը, որ հնարավորություն չի ընձեռվում դժգոհող քաղաքացիների խոսքը հասցնել կառավարությանը:

 

Հակակառավարական հուզումների չորրորդ օրն Իրանի իշխանություններն որոշել են երկրի տարածքում սահմանափակել սոցիալական ցանցերի մատչելիությունը:

 

Ռուսաստանը չի տիրապետում քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական առաջադիմական ռեսուրսների և, այսպես կոչված, «ավտորիտար ինտերնացիոնալի» գլխավոր ջատագովն է, որովհետև Մոսկվայում չեն պատկերացնում, թե ինչպես կարող են աշխատել, օրինակ, Իրանի հետ, եթե այդ երկրում ձևավորվի դեմոկրատական բաց համակարգ: Կան նաև այլ խնդիրներ. սիրական հարցում Ռուսաստանը համագործակցում է Իրանի հետ, իսկ այդ երկրում քաղաքական փոփոխությունները կարող են հանգեցնել նոր համատեքստի ստեղծմանն ամբողջ Մերձավոր Արևելքում, ինչին Մոսկվան պատրաստ չէ: Սրանով հանդերձ` Մոսկվայում պատրաստվում են իրադարձությունների վատագույն սցենարին` իրանական հեղափոխությանը:

 

Գալով իրանական իրադարձություններին և դրանց արտաքին հետքին` նկատենք, որ վերջին տաս տարում, ըստ պաշտոնական վիճակագրության, Իրանում մարդկանց կենսամակարդակն իջել է 15%-ով: Սա համոզիչ փաստարկ է իրանական հեղափոխության ծավալման համար: Եթե իրանական հուզումներն այլոց կողմից օգտագործվում են տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում, ապա պաշտոնական Թեհրանը պրոբլեմը պետք է տեսնի իր արտաքին ագրեսիվ քաղաքականության մեջ Սիրիայում, Եմենում, Լիբանանում, ինչի հետևանքով Մերձավոր Արևելքում միայն ավելացել են կղերական իշխանության հակառակորդները: Պատահական չէ, որ տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանի կամ Սպահանի փողոցներ են դուրս եկել տնտեսական խնդիրների պատճառով, սակայն դրանց լուծումն ակնկալում են ոչ թե իշխանություններից, այլ` քաղաքական հարթության վրա` պահանջելով կղերական իշխանության տապալում և արտաքին քաղաքական կուրսի արմատական վերանայում:

 

Իրանի բարձրագույն ղեկավարությունն այդ երկրում տեղի ունեցող անկարգությունների պատասխանատվությունը բավականին միանշանակորեն դրեց հենց Սաուդիան Արաբիայի և Իսրայելի վրա: Դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կունենան այդ երկրներում քաղաքացիական բողոքի ակցիաները, սակայն ակնհայտ է, որ կայունացող Սիրիան, մարտնչող Եմենը, համերաշխություն հայտնող Թուրքիան ու Քաթարը և ԱՄՆ-ի դեմ ցուցադրաբար դեմարշներ անող Պակիստանը Իրանի Իսլամական Հանրապետությանը բազմաթիվ խաղաքարտեր են տալիս հակառակորդներին իրենց իսկ «զենքով» հարվածելու համար:

 

Թուլացած Իրանն իրապես կարող է տարածաշրջանային լարվածության նոր օջախ դառնալ: Նրա վարքագիծը կարող է անկանխատեսելի դառնալ Իրաքում և Սիրիայում, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություննում, որոնց Թեհրանում ռազմավարական գործընկեր չեն համարում:

 

Միանշանակ պետք չէ թերագնահատել այս գործընթացում արտաքին ուժերի շահագրգռվածությունը, բայց ամեն բան դրանց հետ կապելը, նույնպես անադեկվատ է: Դրսի միջամտությունն այնքանով էր, որ փորձ է կատարվում այս ցույցերն օգտագործելով՝ թիրախավորել Ռոհանիին: Ակնհայտ էր, որ հասարակության զգալի մասը Ռոհանիին վստահեց և նրա կողքին եղավ ընտրությունների ժամանակ, իսկ հիմա այս ցույցերն օգտագործելով՝ փորձ է արվում թուլացնել բարեփոխանների դիրքերը երկրում:

 

Հ.գ. Իրանի դեպքում արտաքին ուժերի ազդեցությունը, հատկապես ԱՄՆ-ի և միջազգային կառույցների, զրոյական է, որովհետև Իրանը ոչ մի հանգույցով կապված չէ նրանց հետ, այդ թվում, ինչը շատ կարևոր է, առևտրաշրջանառությունը չի կատարում դոլարով, որը տվյալ պայմաններում հանդիսանում է թիվ մեկ հաղթաթուղթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել