Հարավային Կովկասից Ամերիկայի պայմանական հեռացումը մի քանի հանգամանքով է պայմանավորված։ Ըստ էության՝ սա բացատրվում է ամերկյան քաղաքական էսթաբլիշմենթին խորթ մի քաղաքական գործչի՝ Թրամփի իշխանության գալու պարագայով։ Շատ հաճախ արդեն թևավոր խոսք դարձած «ԱՄՆ-ում նախագահները փոխվում են, իսկ նրանց վարած քաղաքականությունը՝ ոչ» թեզը գնալով հերքվում է։ Դրա համար Թրամփն արդեն իսկ առարկայական գործողություններ է սկսել իր տված խոստումների առիթով։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը մինչ այսօր համաշխարհային հանրությունը քննարկում է, թեպետ ճանաչումից ու ՄԱԿ-ի քվեարկությունից հետո նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ն լավ կհիշի այն երկրների անունները, ովքեր դեմ են քվեարկել այդ նախագծին։ Դրանց թվում է նաև Հայաստանը։ Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական իրողություններին համընթաց դեռ ձևավորման փուլում է Թրամփի վարչակազմը։ Այն մինչև վերջ չի ձևավորվել, ավելին՝ մինչ այժմ շարունակվում են հրաժարականներն ու պաշտոնաթողությունները, դրանց տեղը նշանակվում են նորերը։ Պարզ է, որ պետք է ձևավորվի ադմինիստրացիա, որից հետո մշակվի նաև քաղաքականություն այլ երկրների, հատկապես ԱՄՆ անմիջական վերահսկողության տակ չգտնվող տարածաշրջանում քաղաքականություն իրականացնելու համար։ Այնպես որ, նախևառաջ պետք է թիմ ձևավորել, դրանից հետո նոր քաղաքականություն իրականացնել։
Հայաստանի, մասնավորապես՝ Անդրկովկասի վերաբերյալ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը շարունակում է մնալ անորոշ։ Այս առումով ոչինչ դեռ չի ասվել, թեպետ հաշվի առնելով, որ ղարաբաղյան հարցում Արևմուտքը ընդունել է Ռուսաստանի գերակայությունը, դժվար է բեկում սպասել։ ԱՄՆ նվիրատվությունները գնալով նվազում են, 90-ական թվականներին այն հասնում էր 20 միլիոն դոլարի, այս տարի հաստատված է արդեն 7 միլիոնը։ Սակայն դա ոչ մի կերպ չպետք է կաշկանդի մեզ, որովհետև Հայաստանի համար կարևոր է թեկուզ 1000 դոլարի օգնությունը, հետևաբար նաև ներգրավվածությունը տեղի ունենալիք երկու իրադարձություններին։