Արդեն քանի օր է՝ իրար հերթ չտալով ՀՀԿ, ՀՅԴ, ինչպես նաև ԲՀԿ-ի մեր գործընկերները հարցազրույցներ են տալիս և միանշանակ պնդում, որ ՀՀ քաղաքացիները թանկացումների դեմ փողոց դուրս չեն գա և հանգիստ պետք է ենթարկվեն հարկային նոր բեռին և թանկացումներին, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։
Մեր գործընկերներին պետք է հիշեցնեմ, որ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Թունիսի Սիդի Բուզիդ քաղաքի բնակիչ, ութ հոգուց բաղկացած ընտանիքի միակ աշխատող, առևտրական 26-ամյա Մոհամեդն ինքնահրկիզման դիմեց։ Դեպքից հետո հանրությունը զայրույթից դուրս է եկել փողոց՝ ցույցերի, և մի քանի շաբաթ տեղի ունեցող զանգվածային ակցիաների և քաղաքացիական ընդվզումների արդյունքում երկրում հեղափոխություն տեղի ունեցավ։
Բնականաբար, Մոհամեդի ինքնահրկիզմանը նախորդել են երկար տարիների մարդու իրավունքների, ազատությունների սահմանափակումներն ու զանգվածային ոտնահարումը։
2010 թվականը երկրում տիրող անարդարությունների և թանկացումների կուլմինացիան էր։ Mohamed Bouazizi-ին ինքնահրկիզման դիմեց այն բանից հետո, երբ մի օր կին ոստիկանը առգրավվել էր նրա՝ բանջարեղենով միակ սայլը։ Մոհամեդը, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ ևս փորձել է վճարել 10 դինարի (7 դոլարի) տուգանքը, որը կազմում էր իր մեկ օրվա ամբողջ եկամուտը։ Սակայն ի պատասխան՝ կին ոստիկանը նրան հայհոյել է և ապտակել։ Դեպքին անմիջապես արձագանքել են տեղական իշխանությունները՝ հայտարարելով, որ այդ կինը ոստիկան չի եղել, այլ համայնքային ծառայող և կատարել է իր պարտականությունները, այն է՝ տուգանել արտոնագիր չունեցող առևտրականներին։
Սակայն քաղաքացի Մոհամեդը դիմադրել է, որից հետո կին ծառայողը ստիպված ոստիկանություն է կանչել, և նրան ծեծել են։ Մոհամեդը փորձել է կապ հաստատել տեղական իշխանությունների հետ իր բողոքն արտահայտելու համար, սակայն նրան մերժել են։ Վիրավորված առևտրականը տեղական իշխանության գլխավոր գրասենյակի առջև դիմել է ինքնահրկիզման։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marukyan.edmon/posts/1764649656940087
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել