Իրանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները կարող են փոխել Մեծ Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում առկա ստատուս քվոն, եթե, իհարկե, Իրանը գնա «բալկանացման» կամ էթնիկ-կրոնական սահմաններով երկրի կազմաքանդման։ Այս պահին իրավիճակը կայունանում է, սակայն դժգոհների թիվն ու իշխանափոխության կոչերով «ալիքը» կարող է ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնել դրսի ուժերի ֆինանսական ու կազմակերպչական աջակցությամբ։
Եթե անգամ այդ ցույցերը կազմակերպվել ու ուղղորդվել են դրսից կամ ունեն սոցիալական հենք` գնաճի ու այլ խնդիրներից ելնելով, ցանկացած այդպիսի ալիք կարող է իր հետ բերել Իրանում կուտակված ներքին անջատողական խնդիրների բարձրացում`ադրբեջանական, քրդական, բելուջական և այլ անջատողական շարժումների տեսքով։
ՀՀ-ի ու Արցախի ազգային անվտանգության համար թիվ մեկ սպառնալիքն Իրանի կազմաքանդումն է․ ՀՀ-ի համար «կյանքի ճանապարհն» անցնում է Իրանով, այդ երկրում է գտնվում իրանահայ համայնքը, ՀՀ-Իրան էներգետիկ-տրանսպորտային բազմաթիվ նախագծեր կան, չմոռանանք նաև հեղափոխության պատճառով հազարավոր փախստականների հնարավոր հոսքը դեպի ՀՀ, ինչը կարող է կտրուկ փոխել հանրապետության էթնիկ-կրոնական դեմքը։
Իրանի կազմաքանդումն ու հատկապես ՀՀ-ի հարավից սահմանակցող ադրբեջանաբնակ տարածքներում անջատողականությունը կարող է հրահրվել Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսրայելի կողմից․ Իսրայելի համար Իրանի կազմաքանդումն առաջնահերթություն է, իսկ Անկարայի ու Բաքվի համար պանթուրքիստական ալիքի ներքո Իրանի հյուսիսի` նախ տարանջատումը, իսկ հետագայում Թուրքիային ու Ադրբեջանին միացումը «Մեծ Ադրբեջան» ռազմավարության շրջանակներում, եթե ոչ բացահայտ, նպատակներից մեկն է`ցամաքային կապ ստեղծել դեպի Թուրան, ինչպես նաև թյուրքական շրջափակման մեջ դնել ՀՀ-ին ու Արցախին նաև հարավից։
Այսպիսով՝ Իրանում խաղաղության, կայունության հաստատումը ՀՀ-ի համար նույնքան կարևոր է, ինչքան ՀՀ-ի ազգային անվտանգությունն ու սեփական կայունությունը։
ՀՀ-ի համար կարևոր է Իրանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը, տեղի հայ համայնքի անվտանգության ապահովումը, ինչպես նաև առկա ու նախատեսվող տնտեսական, էներգետիկ նախագծերի կյանքի կոչումն առանց հետաձգման։