Պ-ն Ծառուկյան, այս ի՞նչ դրամայի են վերածել Ձեր թիմակիցներն այսօրվա միջադեպը, վերջապես ի՞նչ է պատահել, ի՞նչ սխալ են գործել ոստիկանները, միգուցե Դո՞ւք բացատրեք, թե չէ ի՞նչ է ստացվում, որ ԲՀԿ-ն ԱԺ ընտրությունների ժամանակ լոկ բառեր էր հնչեցնում, երբ ասում էր՝ օրենքի առջև բոլորը հավասար են: Թե՞ դա Ձեզ չի վերաբերում: 
Հիշեցում` ցանցերում տեղադրվել է մի տեսանյութ, թե ինչպես է այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոստիկանների հետ բանակցել` ասելով, որ իր մեքենան այն հատվածում է կայանված, որտեղ կարելի է հասնել միայն նշված ուղիով, սակայն ոստիկաններն անդրդվելի են մնացել: Անմար կրակի շուրջ ծաղիկներ դնելուց հետո ոստիկանները Ծառուկյանին թույլ չեն տվել դուրս գալ կառավարության անդամների ելքի ճանապարհով: Ծառուկյանն ապարդյուն համոզելուց հետո ստիպված քայլել էր ներքևի հատվածով: Փոխարենը` վեհ գտնվելով ամեն տեսակի ամբիացիաներից, ողջունելի է ոստիկանների նման պահվածքը, ինչի արդյունքում Ծառուկյանը ժողովրդի ճանապարհով գնաց, բայց որոշ մարդիկ դա շատ ծանր տարան: Ահա մեջբերում Իվետա Տոնոյանի գրառումից. «Ինձ համար առավել քան անհասկանալի և անընդունելի է ոստիկանների նման պահվածքը: Ակնհայտ էր, որ ոստիկանության ներկայացուցիչները չէին տիրապետում իրենց գործառույթներին, և դրանից պետք է համապատասխան հետևություն անեն հենց իրենց ղեկավարները... Կարծում եմ, որ ոստիկանությունը այս մասին պետք է շուտափույթ պարզաբում տա»: Հարց է ծագում, թե ինչ պարզաբանումների ակնկալիք ունի ոստիկաններից  Իվետա Տոնոյանը: Ընդհանրապես, ի՞նչ պարզաբանման մասին է խոսքը, եթե վերոհիշյալ ոստիկաններն արժանի են պարգևատրման, այլ ոչ թե պարզաբանումներ տալու, չէ՞ որ նրանք գործել են օրենքի տառով, չէ՞ որ այդ ճանապարհը նախատեսված է կառավարության անդամների համար, իսկ Գագիկ Ծառուկյանը կառավարության անդամ չէ: Ժամանակն է եկել, որպեսզի բոլոր քաղաքական առաջնորդները, և կապ չունի՝ նրանք օլիգարխներ են, թե ոչ, հասկանան, որ երբ իրենք ընտրությունների ժամանակ հնչեցնում են. «Մենք ժողովրդի մի մասնիկն ենք, մենք մեզ ժողովրդից չենք տարբերում, մենք ժողովրդի լեզվով ենք խոսում...»: Ստացվում է, որ դրանք բառեր են, ապա գոնե թող բարի լինեն քայլել ժողովրդի համար նախատեսված ճանապարհով և դրանից «տրագեդիա» չսարքեն:
Ես իհարկե հասկանում եմ, որ ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում լինել օլիգարխ նշանակում է լինել տիրակալներից մեկը: Հայաստանի տնտեսությունն այսօր փաստացի հայտնվել է 10-15 օլիգարխների ձեռքում, և մենաշնորհի պայմաններում նրանք են որոշում մի ամբողջ ժողովրդի ճակատագիր: Բայց ամենից զարհուրելին այն է, որ այդ օլիգարխներից մեկը, ստեղծելով, իրենց լեզվով ասած, այլընտրանքային կուսակցություն, անընդհատ փորձում է խոսել ժողովրդի անունից, չնայած ամենակարևոր պահին նրան թողնում է մենակ (այստեղ խոսքը գնում է Գագիկ Ծառուկյանի չառաջադրման մասին 2013 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ): Եվ երևի հենց այստեղ պահն է եկել հիշելու Գարեգին Նժդեհի անմահ խոսքերը. «Գիտցեք՝ այդ մեծահարուստ հայը այդպես էլ չեղբայրացավ հայ մտավորականի հետ»:

Աղբյուրը` hartak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել