Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: 


Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: 


«Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի հասկանաք, որ բոլորս գնահատում ենք ձեր ծառայությունը: Բոլորս պարտք, պարտավորություններ ունենք ձեր առջև, և քաղաքացիական կյանքով ապրող մարդկանց առաջին պարտավորությունն է՝ այնպես անել, որ ձեր ծառայությունն իզուր չանցնի: Մեր երկիրը եթե անվտանգ չլինի՝ քաղաքացիական պաշտոնյաները երկիրը չեն կարողանալու ծաղկեցնել: Բայց նաև չափազանց կարևոր է, որպեսզի վստահ լինեք, որ մենք իրականում լավ երկիր ունենալու ենք: Մեզ ի՞նչ է պետք՝ խաղաղություն, հանդուրժողականության մթնոլորտ ու քարը քարի վրա դնելով կգնանք առաջ: Համոզված եղեք, որ իրականում տրամադրված ենք, կամք ունենք, գիտենք ինչպես է պետք երկիրն առաջ տանել և վստահ եղեք, որ ունենալու ենք լավ երկիր: Ուղղակի պետք է ռեգուլյար քրտնաջան աշխատել՝ յուրաքանչյուրն իր տեղում»,- նշել է Կարեն Կարապետյանը: 

Այցի ավարտին Կարեն Կարապետյանը բոլոր զինվորներին մաղթել է առողջություն և խաղաղ ծառայություն: 

 




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել