- Մարդիկ սկսել են հարց տալ` ի՞նչ է տալու Ցեղասպանության ճանաչումը, եւ արդյոք դրանից բխո՞ւմ է հատուցում: Արդյոք, եթե Օբաման արտասանեց «genocide» բառը, դրանից կփոխվի՞ ամերիկյան քաղաքականությունը:
Ոչինչ չի փոխվելու, որովհետեւ ԱՄՆ-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. առաջին անգամ 1951-ին, իսկ 80-ականներին այն երկու անգամ վերահաստատել է Ռեյգանը: Կանադայի խորհրդարանի երկու պալատները եւս ճանաչել են, կառավարությունն էլ հանդես է եկել հայտարարությամբ, բայց դրանից ոչինչ չի փոխվել:
Մինչդեռ Սփյուռքի համայնքները ժամանակի եւ ֆինանսների մեծ մասը շարունակում են ծախսել միայն ճանաչման գործընթացի վրա: Փոխանակ վարձեն իրավաբանների, ֆինանսավորում են միայն քաղաքական գործիչների. Ջոն Քերին դրա վառ օրինակն է: Նա իր ողջ կյանքում հանդես է եկել հայամետ հայտարարություններով, բայց հենց դարձավ պետքարտուղար` 24 ժամում տեսակետը փոխեց: Այսինքն` ԱՄՆ-ում ոչ թե պաշտոնյան է որոշում քաղաքականությունը, այլ կա որոշված քաղաքականություն, որով պաշտոնյաները պարտավոր են առաջնորդվել:



