Հերթական անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ եզրի փոխարեն օգտագործել է Մեծ Եղեռն արտահայտությունը.
«Այսօր մենք հիշում ենք «Մեծ Եղեռնի»՝ 20-րդ դարի ամենամեծ դաժանության մասին: Մենք հարգում ենք 1,5 մլն հայերի հիշատակը, որոնք գազանավարի սպանվել են Օսմանյան կայսրության մայրամուտին: Հիշելով 98 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերին՝ մենք միանում ենք միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Մենք պարտավոր ենք հիշել զոհերին, թույլ չտալու համար, որ նման բան կրկնվի ապագայում:
Չնայած այդ ողբերգությանը՝ ձեր հավատը, արիությունն ու ուժը թույլ տվեցին ձեզ վերապրել ու բարգավաճել՝ համայնքներ ստեղծելով աշխարհով մեկ: Չվարանելով՝ դուք պահպանեցիք ձեր ժառանգությունը՝ փոխանցելով այն նոր սերունդներին: Ամերիկահայերը հսկայական ավանդ ունեն ԱՄՆ զարգացման գործում, ինչպես նաև ժողովրդավարական, խաղաղ ու բարգավաճ Հայաստանի ստեղծման գործում: ԱՄՆ-ն հպարտանում է ձեր ավանդով և այն փաստով, թե ինչպես եք դուք հարգում նրանց հիշատակը, ով զոհվել է գրեթե 100 տարի առաջ: Հիշատակի այս տխուր օրը մենք համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդի հետ և հիշում ենք Մեծ Եղեռնի մութ էջերը»:
Անկեղծ ասած` թքած, թե ինչ արտահայտություն կամ եզր կօգտագործեր գերտերության առաջնորդը: Ինքնին ողջ ուղերձի բովանդակությունը հաստատում է Ցեղասպանության փաստը և հիմնավորում, որ 1915-ին 1,5 մլն հայ է սպանվել, խոշտանգվել, այրվել, բռնաբարվել... ԱՄՆ նախագահը բոլորիս հետ հարգում է նրանց հիշատակը, համերաշխություն հայտնում... Իրավական ու միջազգայնորեն ընդունված եզրից հրաժարումը ԱՄՆ նախագահի խնդիրն է, նրա երկրի 42 նահանգ ճանաչել ու դատապարտել է Ցեղասպանությունը, նրա երկրի Կոնգրեսում ժամանակ առ ժամանակ քննարկման է դրվում Ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Ուրեմն, այդ երկիրը ճանաչում է Ցեղասպանությունը, հետևաբար Կոնգրես է բերում համապատասխան փաստաթուղթ... Իսկ թե Թուրքիայի հետ գործընկերության ինչ ծալքերն են պարտադրում մանևրել, «թատրոն» խաղալ` թող պարզեն ամերիկյան ժողովրդավարության ջատագովները: Ի վերջո, 1,5 մլն զոհերը մեզ իրավունք չեն տալիս ամեն ինչ կապակցել ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղեկցող խաղերին: Մենք ճանաչել ենք Ցեղասպանությունը, մենք հարգում ենք միլիոնավոր զոհերի հիշատակը, ամեն Ապրիլի 24-ին մենք ի լուր աշխարհի հայտնում ենք մեր հիշատակի նվիրումը: Ուրիշ ոչինչ պետք չէ: Ու բնավ պետք չէ, որ տարիներ շարունակ ողորմություն խնդրենք ԱՄՆ նախագահներից, նրա պետքարտուղարներից ու կոնգրեսականներից` ճանաչելու և դատապարտելու Ցեղասպանությունը:
Այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցույցեր են տեղի ունենում, թուրք հանրության մի զգալի մասն է բարձրաձայնում Ցեղասպանության մասին: Սա է կարևորը, սա է մեր գլխավոր ձեռքբերումը:
Եվ, ի վերջո, բավական է խղճուկ քայլեր անել: Ժամանակն է գնալ իրավական ճանապարհով և միջազգային դատարանում քննարկելու պատժի ու փոխհատուցման հարցերը...
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել