Բաքուն պատրաստ է լայն ինքնավարություն շնորհել Լեռնային Ղարաբաղին ու ապահովել տեղի հայ հասարակության քաղաքացիական իրավունքները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը։
«Մենք պատրաստ ենք որոշակի փոխզիջման ու խնդրի կառուցողական լուծմանը։ Խնդրի կայուն, արդարացի լուծման համար առաջարկում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին հատկացնել լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում՝ ապահովելով տեղի հայ բնակչության քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներն Ադրբեջանի օրենսդրության ու միջազգային օրենքին համապատասխան»,- նշել է Հասանովը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։
Ադրբեջանը Ղարաբաղի հարցում դարձել է ավելի անզիջում ու մաքսիմալիստական հայտարարություններ է անում։ Այդ ճանապարհն ավելի է մոտեցնում նոր պատերազմի կամ խոշոր ռազմական բախման հնարավորությունը։
Բաքուն հաջորդ պատերազմում փորձելու է կիրառել «երեք ճակատների» մարտավարությունը։ Մեկը`առաջնայինը, լինելու է ղարաբաղյան ճակատը:
Ադրբեջանը փորձելու է ապրիլին գրաված դիրքերից (Թալիշի մերձակայք և Լելե Թեփե) կրակի տակ պահել լայն շառավիղով ռազմավարական նշանակության օբյեկտները, գյուղերն ու քաղաքները, ինչպես նաև այդ դիրքերն օգտագործել որպես նոր տարածքներ գրավելու մեկնակետեր կամ հենակետեր։ Երկրորդ ճակատը Նախիջևանն է լինելու, որտեղից Բաքուն կրակի տակ է պահելու ՀՀ-ի ռազմավարական նշանակության մարզերը` Արարատի մարզը` գյուղատնտեսական ահռելի ներուժ, Վայոց ձորը` բնական պաշարներ, «կապող օղակ» կյանքի ճանապարհ Սյունիք-Իրանի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզը, որն ունի հանքաարդյունաբերական հզոր ներուժ․ այդ մարզում գտնվող հզորություններն ապահովում են ՀՀ-ի բյուջեի զգալի մասը, իսկ Սյունիքով են անցնում Իրանի հետ կապող ռազմավարական, այլընտրանքային (Վրաստանը՝ որպես արտաքին աշխարհին կապող «պատուհան») ճանապարհները։
Բացի այդ՝ Նախիջևանից ուղիղ հարվածի տակ կարող է գտնվել Երևանը․ ՀՀ-ի մայրաքաղաքի ռազմա-քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական կարևորության մասին խոսելն անգամ ավելորդ է։
Երրորդ ճակատը լինելու է Տավուշի մարզը` 3-րդ բանակային կորպուս։ Բաքուն, կրակի տակ պահելով այդ մարզի սահմանամերձ գյուղերն ու առաջնագծում գտնվող զորամասերը, թույլ չի տալու, որ այդտեղից զորքերը տեղափոխվեն և Վարդենիս-Մարտակերտ կարճ ճանապարհով օպերատիվ կերպով օգնության հասնեն հիմնական ճակատ` Արցախին։ Բացի այդ՝ կրակի տակ է պահվելու միջպետական` ՀՀ-Վրաստան ճանապարհը, որն անցնում է հենց Տավուշի մարզով` խոչընդոտելով ՀՀ-ի տնտեսական կյանքն ու քաղաքացիների տեղաշարժը։
Հիշեցնենք, որ Իսրայելի ՊՆ-ն վերջերս հայտարարել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերին է տրամադրվել արդիականացված, բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված մարտավարական անօդաչու Hermes 900-ը, որն արտադրվել է Elbit Systems-ի կողմից։ Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով` Hermes 900-ի առաջին գնորդներից է լինելու Ադրբեջանը։ Նոր անօդաչուն ունի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, կարողանում է առցանց ռեժիմով տեղակատվություն տրամադրել։ Hermes 900 կարողանում է երկար ժամանակ գտնվել օդում և նախատեսված է հետախուզության համար, բացի այդ՝ այն կարելի է զինել նաև հարվածային միջոցներով։ Նշենք, որ Ադրբեջանում սկսվել են տեղական արտադրության «Zərbə» անօդաչու թռչող սարքերի փորձարկումներն ու մասսայական արտադրությունը։ 2017թ.-ին նախատեսվում է ևս երկու տեսակի անօդաչուների արտադրության մեկնարկ։
Չմոռանանք, որ նախորդ տարի Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня), կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։ Ադրբեջանը, Քառօրյայից դասեր քաղելով, հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը։ Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմաննը, ու մարդկային` օդաչուներով, Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում այլազգի օդաչուների ծառայություններից օգտվելը՝ նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։
Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա-հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։ ՊԲ-ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։ Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե՛ կործանիչ ավիացիան, թե՛ մարդկային գործոնը բացառել: Կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստին, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։
Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե՛ հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին՝ շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։ Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։