Այն, որ հայ-վրացական հարաբերությունները բավական բարձր մակարդակ ունեն անհերքելի փաստ է: Հատկապես վերջին տարիներին երկկողմ համագործակցության ակտիվ զարգացումն իր դրական ազդեցությունն է ունենում ոչ միայն Երևան-Թբիլիսի շփումների վրա, այլ նաև մեր տարածաշրջանում խաղաղ և կայուն իրավիճակի պահպանման համար: Մյուս կողմից՝ գաղտնիք չէ, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի մյուս երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, իսկ Ադրբեջանն՝ ուղիղ ներդրումների ցուցանիշով առաջատարը, ինչպես նաև՝ էներգետիկ ռեսուրսների հիմնական մատակարարը: Բացի այդ՝ եռակողմ ձևաչափը, որը միավորում է Վրաստանին, Թուրքիային և Ադրբեջանին տարբեր ոլորտներում, լրացուցիչ խթան է երեք երկրների միջև համագործակցության խորացման տեսանկյունից: Եվ թվում է, որ վերոթվարկվածը պետք է որ կաշկանդվածություն առաջացներ Թբիլիսիի մոտ Երևանի հետ առավել բաց և սերտ հարաբերություններ զարգացնելու առումով, սակայն իրականությունն այսօր այլ է, և Հայաստանն ու Վրաստանը, ըստ էության, փորձում են հարաբերությունները տեղափոխել նոր հարթություն, նոր մակարդակ հաղորդելով դրանց:
Խնդիրն այն է, որ Թբիլիսին քաջ գիտակցում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները որքան էլ որ ներկայումս շահավետ են Վրաստանի համար, այնքան էլ վտանգավոր են հեռանկարային առումով, քանի որ այն կախվածությունը այդ երկրներից, որ այսօր արդեն իսկ նկատելի է, շարունակական անտարբերության մատնելու դեպքում, անշուշտ, ապագայում լուրջ խնդիրներ կստեղծի Վրաստանի համար: Ուստի Վրաստանի համար շատ կարևոր է Հայաստանի հետ ունենալ առավել ջերմ հարաբերություններ և զարգացման նոր տեմպ հաղորդել դրանց: Նշված բովանդակությունը հստակ արտացոլվեց Ս. Սարգսյանի՝ օրերս Վրաստան կատարած այցի ընթացքում, երբ բարձրաստիճան հանդիպումների ընթացքում իրապես պարզ և անկաշկանդ մթնոլորտում ընթացան քննարկումները, ինչպես երկկողմ համագործակցության շրջանակներին առնչվող հարցերի, այնպես էլ՝ տարածաշրջանում առկա մարտահրավերների շուրջ:
Տարեվերջյան այս այցը, որն, ըստ էության, ամփոփիչ բնույթ էր կրում, հնարավորություն տվեց կողմերին վերաիմաստավորել անցած 25 տարիների ընթացքում՝ հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արձանագրած հաջողությունները և ավելին հասնելու սպասումով նախանշել հետագա անելիքները: Հետաքրքրական էր նաև այն փաստը, որ դեկտեմբերի 1-ին Հայաստան նախատեսված այցը հետաձգած վարչապետ Կվիրիկաշվիլին Ս. Սարգսյանի այցին ընդառաջ բավական ուշագրավ հայտարարություն հնչեցրեց՝ կապված Հայաստանի կողմից Վրաստանի տարածքով այլընտրանքային տրանսպորտային միջանցքներից օգտվելու հնարավորության հետ: Մի կողմից տվյալ հայտարարությունը դրական երանգ հաղորդեց հայ-վրացական հարաբերություններին, մյուս կողմից Վրաստանի իշխանությունները ևս մեկ անգամ փաստեցին իրենց կողմից որդեգրած արտաքին քաղաքական ուղղությանը հավատարիմ մնալու ձգտումը, որով փորձ է արվում հավասարակշռված հարաբերություններ զարգացնելու բոլոր հարևանների հետ: Եվ փաստորեն՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ շահագործվող ենթակառուցվածքներին զուգահեռ Վրաստանը ցուցադրում է իր շահագրգռվածությունը՝ կապված Հայաստանի՝ Վրաստանի տարածքով տրանզիտային ուղիներից օգտվելու համար ավելի հարմար և շահավետ պայմաններ ստեղծելու հետ:
Մեկ այլ կարևոր հանգամանք. Հայաստանի նախագահի այցը հաջորդեց շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի և ԵՄ-ի միջև համապատասխան համաձայնագրի ստորագրմանը, ինչն իր հերթին դրական լիցք կարող է հաղորդել երկու երկրների միջև առկա շփումներին՝ դրանք ավելի պարզ և անկաշկանդ շփման դաշտ տեղափոխելու առումով: Նշված այցն իր կարևորությամբ և ազդեցիկությամբ առանձնացավ նաև այն վրաստանյան լրատվական դաշտում բավական ակտիվ լուսաբանման տեսանկյունից. վերջին օրերին ամենալուսաբանվող և ամենաքննարկվող թեման, թերևս, Հայաստանի նախագահի այցն է եղել:
Եթե մեկ նախադասությամբ գնահատելու լինենք Ս. Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցը, կարող ենք արձանագրել, որ այն հնարավորություն կտա հայ-վրացական հարաբերություններն ավելի դրական հարթություն տեղափոխելու, և իր խթանիչ ազդեցությունը կբերի առաջիկա տարիներին երկկողմ համագործակցության ուղղությամբ լուրջ տնտեսական և քաղաքական բովանդակության արդյունքներ ամրագրելու գործին՝ դրանով իսկ խախտելով Հայաստանին տնտեսական շրջափակման մեջ առնելու թուրք-ադրբեջանական ձգտումները: