Վերջին շրջանում Իրանում տարբեր մակարդակով ավելի հետևողական և լուրջ վերաբերմունք են ցուցաբերում ադրբեջանական պետական կեղծարարության հանդեպ։ Իսկ այդ կեղծարարության թագը «Մեծ Ադրբեջան» միֆն է։
Վերջերս Իրանի Ջուլֆա քաղաքում «Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի հետևանքները» թեմայով կոնֆերանս է անցկացվել, որին մասնակցող իրանցի պատմաբաններն ու հետազոտողները բարձրացրել են Ադրբեջանի պատմության դասագրքերում տեղ գտած կեղծարարությունների հարցը և կոչ արել Իրանի կրթության նախարարությանը այս հարցով գործուն քայլերի դիմել։
Ադրբեջանական կայքերից մեկը, անդրադառնալով վերոնշյալ կոնֆերանսին, գրել է. «Կոնֆերանսի մասնակիցները պնդել են, որ պատմության ընթացքում Ադրբեջան անունով պետություն չի եղել, Ադրբեջան եղել է միայն Իրանի ներքո, և միայն Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի հետևանքով է Ադրբեջան պետությունն ի հայտ եկել։ Նրանք վերոնշյալ հարցի վերաբերյալ նամակ են հղել ԻԻՀ կրթության նախարար Ս. Մ. Աբթահիին։ Նամակում առաջարկվում է խնդիրը քննարկելու և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՍՏԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ նպատակով դիմել ԱՀ կրթության նախարարությանը...»։