531. Թարմ հայտահարություն կոնցլագերից
Ով որ կասի, թե Գյումրու կրակոցների եւ սպանությունների պատասխանատուն հենց գյումրեցիք են` ընդհանրացնելով մեղքերը բոլորի վրա, հատուկ դիտավորություն ունի ուրեմն` իշխանության մեղքերը լղելու եւ լուծելու օդում:
Այդպես խոսողները տարիներ շարունակ ընտրակաշառքի եւ այլ հանցագործությունների պատասխանատվությունը գցել են հանրության վրա: Բա, ներողություն, իշխանություններն ինչի՞ համար են, նրանք, ովքեր իշխանությունը զավթելիս, գրավելիս կամ ընտրվելիս ասում են, թե պատասխանատվություն են ստանձնում, երդվում են նույնիսկ, հենց իշխանությունները, լինեն օրինական եղանակով իշխանություն դարձածներ, թե զավթածներ, հենց իրենք են օժտված քաղաքացիների անվտանգությունը ապահովելու իրավասությամբ եւ համապատասխան լիազորություններով, հենց իրենք պիտի կատարեն այդ պարտականությունները, որովհետեւ որեւէ մեկն իշխանությունից բացի օժտված չէ այդ իրավունքներով: Օրինակ, եթե ես սկսեմ մեր թաղի անվտանգությունը ապահովել իմ ունեցած հնարավորություններով, անմիջապես պատասխանատվության կենթարկեն ինձ ինքնիրավչության ու/կամ իշխանություն զավթելու համար: Ուրեմն հանրությունը համ գանձարան լցնի ու դրանով տասնյակ հազրավոր իրավապահներ պահի, համ էլ` անմիջականորեն անվտանգություն ապահովելու գործերով զբաղվի՞, ի՞նչ միջոցներով զբաղվի, ի՞նչ իրավունքով զբաղվի, երանի ձեզ:
Պարոնայք իշխանավորներ եւ դրա հարազատներ, չհամարձակվեք այլեւս տեղի ունեցած զանգվածային կամ անհատական հանցագործությունների պատասխանատվությունը բարդել հանրության վրա` ընդհանրացնելով ինձ կրակողի, ոստիկանի, զենքի մատակարարի եւ ընտրակեղծարարի հետ: Ոչ ոք հիմար չէ այնքան, որքան պատկերացնում եք հանրության մասին այդպես խոսելիս: Իսկ եթե շատ եք ուզում ինձ ու մյուսներին պատասխանատվության տակ կոխել, մի խանգարեք ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը, կամ միանգամից մեզ կառավարություն, դատարաններ կազմելու հնարավորութույն տվեք :), որ հավասարվենք, այդ ժամանակ արդեն ձեր «մենք բոլորս ենք մեղավոր» կամ «ամբողջ հանրությունն է մեղավոր» արտահայտությունները որակ կստանան ու բարբաջանք չեն լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել