Երեկ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ չի տվել ռուս ընդդիմադիիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գրանցումը որպես նախագահի թեկնածու։ Նավալնին, իհարկե, դժգոհ է մնացել այդ ամենից ու իր կողմնակիցներներին կոչ է արել բողոքել ու բոյկոտել ընտրությունները։ Ռուսաստանի քաղաքական շրջանակներում ոչ համակարգային թեկնածու համարվող Նավալնին բավականին մեծ վարկանիշ ունի հանրության շրջանում, սակայն զգացվում է, որ այս քաղաքական գործիչն անփորձ է։ Ի վերջո համակարգային ընդդիմությունը կամ դիմությունը հենց դրանով է օգտակար քաղաքականության մեջ, որ հնարավոր է լինելու շոշափել, ճանաչել համակարգի բոլոր թերություններն ու առավելությունները։ Նավալնին ոչ մի կերպ Կրեմլում կամ դրա հարակից շրջանակներում յուրային չի համարվում, այդ իսկ պատճառով խնդիրն, ըստ էության, ընկալման մեջ է։ Ռուսական քաղաքական էլիտային նման դիրքորոշում ընդունելու համար բավական է եղել մեկ բան՝ արդյո՞ք նման մարդկանց հետևում կանգնած են ինչ-որ ուժեր, թե՞ ոչ, հատկապես արևմուտքի մասին է խոսքը։
Նավալնին Ռուսաստանում հայտնի դարձավ այն ժամանակ, երբ ստեղծեց կոռուպցիայի դեմ ֆոնդն ու սկսեց ռուս չինովնիկների, այսպես կոչված, մերկացման գործընթացը։ Այդպես նա հետաքննություն անելով պարզել էր ռուս հայտնի օլիգարխ Ալիշեր Ուսմանովի հարստության կասկածելի էջերը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի շքեղ առանձնատունը մերձմոսկովյան շրջանում, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի դստեր շռայլ կյանքի ու Փարիզում բնակարան ունենալու առկայության վերաբերյալ և այլն։ Եվ այս ամենը նա արել է հենց Ռուսաստանի ներսում քաղաքացիներից հավաքագրված գումարներով։ Այսինքն՝ առանց դրսից միջոցներ հայթհայթելու ու հենց սրանով է պայմանավորված նրա բարձր վարկանիշը, ուստի ռուսական քաղաքական շրջանակաների, հատկապես էլիտայի համար հենց սրանով է նավալնին վտանգավոր որ նա վայելում է հանրային համակարնքը առանց կողմնակի միջամտության։ Այդ է պատճառը,որ նրան չեն թողնում մասնակցել ընտրություններին,որովհետև դրա պարագայում նա հնարավորություն է ստանալու նաև օգտվել ռուսաստանի ֆեդերալ հեռուստաալիքներից, իսկ դա կարող է ամբողջ Ռուսաստանում մի նոր՝ հակաիշխանական ալիք բարձրացնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։