Երբ մի քանի օր առաջ գրեցի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կատարում է իշխանությունների հրահանգը և նոր ձևավորվող «Նոր Հայաստան» շարժման միջոցով սատարում նույն իշխանություններին, որոշ օգտատերեր ինձանից խիստ նեղացել էին, իմ գրառումը համարել ոչ ճշմարիտ: Մինչդեռ բացահայտվող փաստերն ապացուցում են իմ դիտարկումների ճշմարտացիությունը: Իմ ունեցած հստակ ու աներկբա տեղեկություններով, «Նոր Հայաստան» շարժման ֆինանսավորողն ու աջակցողը Արա Աբրահամյանն է` Ռուսաստանի հայերի միության նախագահը, ով ունի հանձնարարություն` նպաստել իշխանական նոր շարժման ձևավորմանն ու 2018-ի նախագահի ընտրություններն իշխանական սցենարով զարգացմանը: Ես նաև գրել էի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա էր մեկնել Արա Աբրահամյանից հանձնարարականներ ստանալու այն բանից հետո, երբ Երևանում նրան հանդիպել էին ՌՀՄ մի քանի ներկայացուցիչներ: Օրավուր իմ դիտարկումները հիմնավորվում և հստակեցվում են: Ասվածի վկայություններից մեկն էլ slaq.am-ի հրապարակումն է` Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան «գործուղման» մասին.
«Որքան էլ Արա Աբրահամյանը ժխտում է, թե ինքը չէ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մենեջերը, այնուհանդերձ, վերջինիս մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրը պնդում է, որ նա է հրավիրել Րաֆֆուն` միտինգի հաջորդ օրը լինել իր հյուրը Մոսկվայում: Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ընտանիքի անդամներին դիմավորել է Համլետ Ղուշչյանը, ուղեկցել Աբրահամյանի` Բառվիխայում գտնվող տուն: Թերթի հիշեցմամբ` այդ «դաչաներում» է ապրում ռուսական ողջ «տուսովկան», այդ թվում և Պուտինը: Հովհաննիսյանները գիշերել են Աբրահամյանենց տանը, վերջինս շատ բարձր ընդունելություն է կազմակերպել նրանց պատվին, զրուցել են, կիսվել: Արա Աբրահամյանն իր մտերիմների շրջապատում ասել է, որ Րաֆֆին շատ խելացի մարդ ու քաղաքական գործիչ է: Որևէ էական հանդիպում Հովհաննիսյանները չեն ունեցել, հաջորդ օրը Մոսկվայում շրջել են ու հետկեսօրին վերադարձել Երևան: Ի դեպ, թերթի աղբյուրները տեղեկացնում են նաև, որ Արա Աբրահամյանը միայնակ է ընդունել նրանց, նրա ընտանիքը, կինն ապրում են Լոս Անջելեսում»:
Հիմա դիմում եմ բոլոր նրանց, ովքեր «Նոր Հայաստանի» մեջ տեսնում են լուսավոր կետ. սա հերթական սադրանքն է, ժողովրդին նվաստացնելու և նրա ճշմարիտ ձգտումները դեպի փակուղի տանելու ծրագիրն է, որն իրականացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքերով: Պետք է հեռանալ այս շարժումից և ձևավորել ճշմարիտ ու ամբողջական հայեցակարգերի վրա հենվող քաղաքացիական նախաձեռնություն, եթե գնահատում ենք իրավիճակներն ու մարտահրավերները, եթե կամենում ենք ունենալ իսկապես ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել