Աջ ղեկով մեքենաների ներկրումն ու օգտագործումն ավելի քան տասը տարվա պատմություն ունեն: Երթևեկության կազմակերպման մասին տարրական գիտելիք կամ տրամաբանության նման մի բան ունեցող ցանկացած մարդու համար դեռ տասը տարի առաջ պարզ պիտի լիներ, որ մենք հայտնվելու ենք այսօրվա այս հիմար վիճակում: Այսպիսի խնդիրներ առկա են երկրի կառավարման գրեթե բոլոր ոլորտներում…

Միայն տարիներ հետո ենք մենք «պարզելու», որ օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում աշխատավարձների բարձրացումը, այս ոլորտների աշխատողների համար արևմտյանին մոտ, շատ անգամ դրանց գերազանցող աշխատանքային պայմանների ստեղծումը, ինչը իբր պիտի նպաստեր համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու ամենակարևորը՝ դրամաշորթության վերացմանը, այդպես էլ վերջ չդրեցին երկրի կառավարման բոլոր ոլորտներում առկա կաշառակերությանն ու քավորասանիկախնամիական, կլանային բանդիտիզմին: Տարիներ են անցնելու, և նոր ենք հասկանալու, որ առանց կառուցապատման գլխավոր հատակագիծ ունենալու Սևանա լճի ողջ պարագծով հողհատկացումներ անելը, որտեղ ամեն ոք կառուցապատում է իրականացնում իր «ճաշակին» համապատասխան, հանցագործության էր հավասար և այլն, և այլն:

Հասկանալո՞ւ են մեր կառավարիչները վերջապես, որ ամենատարրական թվացող որոշումներն անգամ չեն կարող ընդունվել իրավիճակից ելնելով, այլ խորը, հանգամանալից վերլուծության արդյունք պիտի հանդիսանան: Բոլոր խնդիրների նկատմամբ իրավիճակային մոտեցումներն են, որ մեզ միշտ կանգնեցրել և դեռ կանգնեցնելու են կոտրած տաշտակի առաջ:

Ահա այս՝ աջ ղեկով մեքենաների մասին խոսակցություններն էլ նույնն են: Տարիներ առաջ, երբ նոր-նոր սկսվեց այսպիսի ավտոմեքենաների ներկրումն ու շահագործումը, երկրի կառավարման համակարգում պիտի գտնվեին պատասխանատուներ, ովքեր ի պաշտոնե պիտի տեղն ու տեղը բացահայտեին ու լուծեին կամ (ինչպես մեզ մոտ ընդունված է) երկրի բարձրագույն ղեկավարության առջև հարց բարձրացնեին:

Շատ կարևոր է պարզել՝ զեկուցվե՞լ է արդյոք, թե՞ ոչ: Փաստը մնում է փաստ: Խնդիրն իր սաղմնային վիճակում չի բացահայտվել ու չի լուծվել և մեզ կանգնեցրել է արդեն բարդացած պրոբլեմի առջև և այսօր հասարակական քննարկումների առարկա է դարձել:

Մինչև որ մենք գոնե մեկ անգամ չգտնենք մեր երկրի կառավարման համակարգում առկա բազում այսպիսի, մեղմ ասած, թերացումների ու փնթիությունների, իսկ իրականում ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ խորքային պատճառները, չբացահայտենք մեղավորներին, չհասկանանք, կառավարման հիերարխիկ շղթայի ո՞ր օղակներում է տեղի ունենում խզումը, չբարձրաձայնենք անբանների, երկրի առաջընթացը խոչընդոտողների անունները, հասարակական պարսավանքի չենթարկենք, էլ չեմ խոսում նրանց պատժելու մասին, մենք միշտ կունենանք նույն պատկերն, ինչ ունենք այսօր: Ամոթալի մի պատկեր, ուր կնայենք, թե ղազախներն ու կիրգիզներն ինչպես են լուծել նույն խնդիրն ու նրանցից ինչ-որ բան ընդօրինակելով գոհ-գոհ, մի բարդ խնդիր լուծածի կեցվացքով կշարունակենք մեր «գործունեությունը»: Ամոթ է, հազար ամոթ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել