Չնայած մարդու՝ պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով իրականացվող պատվաստումների մեծ վտանգավորության վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներին, որոնցում ներկայացված են նաև մասնագետների ահազանգերը, տագնապներն ու դրանք հիմնավորող փաստարկները, ՀՀ կառավարությունը, անտեսելով այդ ամենը, ս. թ. նոյեմբերի 9-ին արձանագրային որոշում է ընդունել Հայաստանում 2017 թ. դեկտեմբերի երկրորդ շաբաթվանից սկսած 13 տարեկան շուրջ 16000 աղջիկների «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելու վերաբերյալ: Կառավարությունն իր այս որոշմամբ արհամարհել է նաև հանրության շրջանում «Գարդասիլ»-ով պատվաստման կապակցությամբ առկա տագնապները, դժգոհությունն ու զայրույթը, որոնք լայնորեն արտահայտվում են նաև սոցիալական ցանցերում:
Այս որոշումը վերջին ամիսների ընթացքում հանրության շրջանում ամենաքննարկվող թեմաներից է, շատ են հնչում կարծիքներ, որ իրականում ոչ մի ապացույց չկա, որ «Գարդասիլ»-ը կանխում է արգանդի վզիկի քաղցկեղը, այնինչ բազմաթիվ են դեպքերը, երբ այս պատվաստանյութն ստանալու հետևանքով միանգամայն առողջ պարմանուհիներ դարձել են հաշմանդամ կամ մահացել են:
Առողջապահության նախարարությունն ամեն կերպ փորձում է իրականացնել «Գարդասիլ»-ով վտանգավոր պատվաստումների ծրագիրը: Հայաստանում այսօր, ցավոք, ապրում ենք մի իրականության մեջ, երբ պետական տարբեր մարմիններից շատ բան կարելի է սպասել, նրանց այս կամ այն արարքը կամ գործողությունը վաղուց չի զարմացնում հասարակությանը: Այս համատեքստում մեզ չի զարմացնում նաև, որ պետական մարմինը (տվյալ պարագայում` ՀՀ առողջապահության նախարարությունը) իրականացվող խայտառակ ծրագիրը քննադատող, դրա վտանգավորությունը փաստերով հետևողականորեն բացահայտող լրագրողին վարկաբեկելու նպատակով տողերիս հեղինակի հասցեին իր կայքում հերյուրանք է հրապարակել` բացարձակապես անհիմն կերպով մեղադրելով կեղծիքին ապավինելու մեջ: Հիմա մենք փաստերով ներկայացնենք, թե իրականում ո՞վ է ապավինել կեղծիքին ու հերյուրանքին:
Մարդու պապիլոմայի վիրուսով վարակվածների մոտ 5 տոկոսի մոտ է, որ վիրուսը կարող է հանգեցնել նախաքաղցկեղային ախտահարման: Ըստ ամերիկացի պրոֆեսոր Դայան Հարֆերի՝ կպահանջվի 5 տարի, որպեսզի այդ փոքր` 5-տոկոսանոց խմբում նախաքաղցկեղային 3-րդ աստիճանի ախտահարում ունեցող կանանց 20 տոկոսի մոտ այն վերածվի ինվազիվ քաղցկեղի։
Նշենք, որ բավական լուրջ ու մեծաքանակ գրականություն, տեղեկություններ կան այն մասին, որ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումներն անվտանգ չեն մարդու առողջության համար, պատվաստումից հետո առաջանում են առողջական ծանր հետևանքներ՝ վիժումներ, չբերություն, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ, հաշմանդամություն և այլն:
Պատվաստանյութի հետ կապված բուռն ալիքը կանխելու համար նախարարությունում կազմակերպել է քննարկում, որին, սակայն, չեն հրավիրել այն բոլոր մասնագետներին, ովքեր քննադատական վերաբերմունք ունեին մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման նկատմամբ, ինչպես նաև համապատասխան փաստեր` «Գարդասիլ» պատվաստանյութի վտանգավորության ու խիստ կասկածելի արդյունավետության վերաբերյալ: Խնդիրը քննարկվել է ոչ թե ընդդիմախոս մասնագետների և, համապատասխան փաստեր ունենալուց զատ, դրանք հրապարակելու համարձակություն կամ պատրաստակամություն ունեցողների, այլ՝ գրող-հրապարակախոսների, քաղաքական, աշխարհաքաղաքական վերլուծություններով, սննդամթերքի, միգուցե նաև արդյունաբերական ապրանքների շուկայում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց և մի քանի ՀԿ-ների անդամների հետ: Ընդ որում՝ նախարարությունը հիշյալ պատվաստմանը դեմ, այդ կապակցությամբ մտահոգություններ ունեցող անձանց դրել է անհամարժեք վիճակում` նրանց կլոր սեղանի շուրջը նստեցնելով այդ վտանգավոր պատվաստանյութի ու պատվաստման գովքն անող իր մասնագետների հետ:
Ի դեպ՝ մի կարևոր նկատառում ևս․ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկա ամիսներին ԱՄՆ-ից ստանալ մեր 13 տարեկանից սկսած աղջիներին ներարկելու համար նախատեսված մի պատվաստանյութ, որի արտադրողի կողմից տրված պաշտոնական ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև կիրառման հրահանգը դեռ չունի, նախապես ծանոթ չէ և, հավանաբար, կուրորեն հավատացել է վերոնշյալ միջազգային կազմակերպության հավաստմանը:
Հ.գ. 1. ԱՄՆ-ում 2009-ից մինչև 2011 թվականը «Գարդասիլ»-ի հետևանքով մահվան 42 դեպք է գրանցվե և 789 դեպք, որի ժամանակ առաջացել են լուրջ, հիմնական առողջական խնդիրներ` կաթված, նյարդային համակարգի ծանր խախտումներ, կուրություն, խոսելու հնարավորության կորուստ:
Հ.գ. 2. «Գարդասիլ»-ի հեղինակ «Merck pharmaceutical» ընկերությունը մի շարք երկրներում ենթարկվել է դատական պատասխանատվության: