Վարդան Օսկանյանի, պաշտոնաթողությունից հետո արած հայտարարությունները, միշտ էլ հիվանդագին են ընդունվել իշխող կուսակցության կողմից, իսկ վերջին շրջանի նրա ակտիվությունը պարզապես հանգեցրել է ՀՀԿ-ական վերնախավի կոշտ ու ներվային արձագանքին: Լավ, ասենք Օսկանյանը ժամանակին ինքն էլ է եղել իշխանության մեջ առանցքային դերակատարություն ունեցող նախարար, դրանով իսկ պատասխանատու է նախկինում թույլ տրված սխալների համար: Բայց դա որպես հակափաստարկ հիշատակելով, ընդամենը փորձ անելով Օսկանյանին լռեցնել կամ էլ ասածը նսեմացնել, թե տեսեք ասողն ով է, դրանից ասածի էությունը հո չի փոխվում: Իսկ ի՞նչ է Օսկանյանի հիմնական ասելիքը. որ այս միահեծան իշխանությանը հարկավոր է այլընտրանք: Ինչ է, այս խոսքերի ճշմարտացիության մեջ շատերն ե՞ն կասկածում: Եթե մի իշխող կուսակցության այս տարիների «քրտնաջան» աշխատանքի շնորհիվ արտագաղթը հասել է ահագնացող չափերի և դարձել ազգային անվտանգության խնդիր, եթե չքավորության մակարդակը հասել է ողբալի վիճակի, եթե երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքները հասարակության մի ստվար հատվածի համար տեսնելի չեն, իսկ վարած սխալ տնտեսական քաղաքականության արդյունքները նույն այդ զանգվածը սեփական մաշկի վրա է զգում: Եվ շատ ու շատ բացասական հետևանքներ, որոնց միայն թվարկումը կարող է ժամեր, անգամ օրեր տևել: Մի՞թե նման վիճակում գտնվող երկրում հասարակությունը չպետք է ցանկանար իշխանափոխություն: Փորձենք հասկանալ, թե որ դեպքում կարող է իշխող կուսակցությունը վերարտադրվել, եթե նրա վարած քաղաքականության արդյունքներն այսիսի դառն են: Միայն եթե հասարակությունը հիասթափվում է ընդդիմությունից ու նրան այս իշխանությանն այլընտրանք չի համարում: Այդ դեպքում իշխող կուսակցությունն, օգտագործելով իր վարչական, նյութական ու տեղեկատվական ռեսուրսները, վերարտադրվում է, քանի որ հիասթափված հասարակության կողմից էլ լուրջ դիմադրության չի հանդիպում: Բայց եթե նախորդ բոլոր ընտրություններում իշխանությունների դեմ եղել է ընդդիմադիր հզոր այլընտրանք ու բոլոր դեպքերն էլ ավարտվել են հասարակակության հիսաթափությամբ, քանի որ չեն արդարացել սպասումները. խոստացված հեղափոխությունը չի իրականացվել, իսկ ընտրությունների միջոցով իշխանությունը չի փոխվել: Որոշ ժամանակ անց էլ այդ արմատական ընդդիմությունը, հույսը կտրելով սեփական հաջողության հնարավորությունից, դարձել է օրվա իշխանության գործընկերը: Այս ընտրություններում չկա իշխանություններին այլընտրանք ընդդիմություն, քանի որ ՀԱԿ-ն ամեն ինչ արեց, որ նման ընդդիմություն չձևավորվի, ինքն էլ իր վարած քաղաքականությամբ հիասթափեցրեց հասարակությանը: Սակայն այս ընտրությունները տարբերվում են նախորդներից ոչ միայն դրանով, այլև նրանով, որ այս տևական ժամանակաշրջանի ընթացքում առաջին անգամ իշխանությունն ունի հզոր այլընտրանք ի դեմս իշխանական մեկ այլ կուսակցության՝ ԲՀԿ-ի: Եվ սա պարտադրում է նոր որակի խաղ, սակայն իշխանությունները, որոնց հաջողվեց համբերատար ու «բարեխղճորեն» թուլացնել ընդդիմությանը, ստիպված եղավ բաց թողնել այն պահը՝ թույլ չտալու, որ ի դեմս իշխանական մեկ այլ կուսակցության ստեղծվի այլընտրանք, որը նույնպես օգտվում է վարչական, նյութական ու տեղեկատվական լծակներից: Բացի այդ, կարող է իր կողմը քաշել իշխող կուսակցությունից ու երկրի նախագահից նեղացած ողջ իշխանական դաշտը, ովքեր ոչ մի պարագայում ընդդիմություն չեն դառնա, իսկ մեկ այլ իշխանության վերափոխվել հաճույքով կհամաձայնվեն: Արտախորհրդարանական մեծ թվով կուսակցություններ, որոնց այդպես էլ բախտ չվիճակվեց տեղ զբաղեցնել իշխող ուժի երաժշտական անսամբլում՝ կոնկուրսից դուրս մնալու պատճառով, նրանք էլ մարաղ մտած սպասում են իշխող կուսակցության թուլացմանը, որպեսզի նոր իրավիճակում պահանջած լինեն: Այնպես որ, եթե ՀՀԿ-ն իր անխոհեմ քայլով հանկարծ փորձի ԲՀԿ-ին մղել դեպի ընդդիմություն, դա կլինի իր վերջի սկիզբը, քանի որ ցանկացած ուժ կգերադասի պայմանավորվել ԲՀԿ-ի հետ ու ավելի լուրջ դերակատարություն ստանալ ապագա իշխանության մեջ, քան թե գործող նախագահի հետ՝ իր մի բաժին ոսկոռը ստանալու համար: Քաջ գիտակցելով, որ դրանից ավելին ստանալ չեն կարող, քանի որ Սերժ Սարգսյանն ապացուցել է, որ ուզում է միանձնյա իշխել: Եվ երկիրն այսպիսի տոտալ վերհսկողության տակ է մտցրել միմիայն մի նպատակի համար, որ այն ղեկավարվի մեկ կետից: Հիմա ինքն իր ամբողջ խաղը դրա վրա է կառուցել, և ստեղծած համակարգը ոչ մի կերպ պատրաստ չէ դառնալ բազմեկետ ղեկավարմամբ իշխանություն: Այո, վերջինս մերժելի է բայց իր տարբերակն էլ դժվար իրականանալի է, եթե չասեմ անիրագործելի: Սերժ Սարգսյանը կոմպրոմիսների գնացող գործիչ է, բայց միշտ դա արել է այն ուժերի ու գործիչների հետ, որոնց կարողացել է վարկաբեկել ու դարձնել ամբողջությամբ կառավարելի: Ուժեղ անհատի կամ էլ քաղաքական ուժի հետ նա կոմպրոմիսի ոչ մի կերպ չի պատրաստվում գնալ, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Այնպես որ, նրանք ովքեր կասեն, թե հստակ գիտեն, որ առաջիկայում ինչ է լինելու ու այդ վերջնարդյունքին տիրապետողի դիրքերից այս կամ այն ուժի ու գործչի հետ բանակցություններ են վարում, գայթակղում ու փորձում իրենց կողմը քաշել, պետք է փաստեմ, որ նման վերջին ատյանի ճշմարտություն ասող գործիչները կա՛մ գործին բացարձակապես չեն տիրապետում, կա՛մ էլ իրենց լսողներն են գործից անտեղյակ, քաի որ հիմա պարզ է միայն մի բան, որ ոչինչ էլ պարզ չէ: Եվ սա այս ընտրության ամենամեծ ինտրիգն է լինելու, ուստի մեզ սպասում են հետաքրքիր ու դրամատիկ ժամանակներ: