Վերջին օրերին քաղաքական դաշտի ամենաքննարկվող հարցերից մեկը ԲՀԿ-ի հետագա կողմնորոշման հարցն է. արդյո՞ք ԲՀԿ-ն կփոխի իր կարգավիճակը և ընդդիմություն կհռչակվի:
Մի կողմից, սրա անհրաժեշտության մասին խոսում է ԲՀԿ քաղաքական դեմք հանդիսացող Վարդան Օսկանյանը, մյուս կողմից, նույն կուսակցության ընդգծված անդամներից Նաիրի Զոհրաբյանը հայտարարում է, որ ուսումնասիրում են միջազգային փորձը և ցանկանում են փոխել նոր նստաշրջանի սկզբում ընդդիմադիր լինել-չլինելու հետ կապված հայտարարություն անելու պարտադիր սկզբունքը:
Չէի ցանկանա հատուկ կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչո՞ւ է այս թեման նման հնչեղություն ստացավ հենց այս պահին, սակայն ակնհայտ է, որ կարգավիճակի հստակեցման հարցը ԲՀԿ-ի համար, ճիշտ է, ուշացած, սակայն անհրաժեշտ քայլ է: ԲՀԿ-ի «այլընտրանքային» կարգավիճակը մի տեսակ նրան անընդհատ դուրս է հրում քաղաքական պրոցեսներից, իսկ հասարակությունը որպես այդպիսին ԲՀԿ-ին այդ կարգավիճակում չընկալեց:
Սպասելի էր, որ թեման հենց Օսկանյանը կբարձրացնի, սակայն Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխման հարցի բարձրացման հարցը, կարծես, սառը ցնցուղ լիներ Օսկանյանի համար:
ԲՀԿ-ում, կարծես, հաղթեցին ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցները, սակայն վատ իրավիճակում չհայտվելու համար որոշում են ընդունել ոչ թե կարգավիճակի հարցում կողմնորոշվել, այլ փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը, որը նոր նստաշրջանի սկզբում կուսակցությունների, դաշինքների առաջ բավականին հստակ պահանջ է դնում՝ հայտարարել, թե որ դաշտում են գործելու:
Ստացվում է, որ ԲՀԿ-ն ոչ թե խնդիր է դրել հստակեցնել իր քաղաքական կողմնորոշումներն ու կարգավիճակը, այլ նվազագույնի հասցնել «հռչակված» կարգավիճակի հետ կապված շահարկումները:



