ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի:
Զեկուցվել է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծվել է Գեոպորտալ և ապահովվել է շահառուների՝ համապատասխան կապուղիներով միացումը դրան: Ստեղծվել է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կոմունիկացիաները տնօրինողներին, ինչպես նաև այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնել միևնույն միջավայրում: Համակարգի միջոցով օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ գազատարների, էլեկտրահաղորդման գծերի, կապի հանգույցների և այլ ինժեներական կառույցների առկայության վերաբերյալ:
Գեոպորտալում արդեն իսկ ընդգրկված են Երևանի, Գյումրիի և Վանաձորի գծային ենթակառուցվածքների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի առկա տվյալները, և շարունակվելու են աշխատանքներն աշխարագրության ընդլայման ուղղությամբ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու և հասանելի դարձնելու ուղղությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է օգտատերերի համար կիրառելի տեղեկատվության ապահովումը. «Մեզ պետք է, որ Գեոպորտալ այցելելուց և կոնկրետ հասցեն սեղմելուց օգտատերը կարողանա տեղեկանալ՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա կարող է ստանալ, թե ոչ: Այս խնդիրը թե ինչ բանաձևով կլուծեք՝ էական չէ, բայց այդ տեղեկատվությունը պետք է լինի ստույգ և կանոնավոր կերպով թարմացվի», - նշել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ համագործակցելով ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ, ամփոփել աշխատանքները և կիրառական անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել: